Ի՞նչ կտա նոր պայմանավորվածությունը Վերին Լարսի անցակետի շուրջ
Երկու հարևան և բարեկամ երկրների՝ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների զարգացումը և սերտացումը շարունակում է կրել պրոգրեսիվ բնույթ: Հայաստանի համար Վրաստանը խոշոր առևտրային գործընկեր լինելուց զատ կատարում է նաև կարևոր տրանզիտի դեր:
Հայաստանից բեռանփոխադրումների հիմնական մասը իրականացվում է Վերին Լարսի անցակետով, որը հիմնական ճանապարհն է դեպի արտահաման թիվ մեկ շուկա՝ Ռուսաստան: Այստեղով է իրականացվում ոչ միայն արտահանման, այլեւ ներմուծման զգալի մասը։
Վերին Լարսի անցակետում շատ հաճախ տեղի են ունենում հայկական բեռների կուտակումներ, ինչը խնդիրներ է հարուցում շատ մթերքների արտահանման համար: Այս հանգամանքով էր պայմանավորված, որ մոտ մեկ ամիս առաջ, Հայաստանի և Վրաստանի վարչապետների միջև տեղի ունեցած քննարկման արդյունքում ռուսական Վերին Լարս եւ վրացական Դարիալի (Կազբեկի) սահմանային անցակետերի աշխատանքային գրաֆիկը 3 ժամով ավելացվել էր (06:00-18:00-ի փոխարեն սահմանվել էր 06:00-21:00):
Սակայն շատ չանցած կրկին առաջացավ վրացական անցակետում հայկական բեռնատարների խցանումները նվազագույնի հասցնելու, ինչպես նաև՝ Հայաստանից վրացական անցակետով կազմակերպվող արտահանումների գործընթացը դյուրացնելու լրացուցիչ անհրաժեշտություն:
Նախօրեին ՀՀ վարչապետ Աբրահամյանի՝ Վրաստան կատարած այցի ժամանակ վարչապետները անդրադարձել են նաև այս խնդրին, ինչի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի համաձայն, վրաց-ռուսական սահմանի Դարիալի անցակետի աշխատանքը կերկարացվի ևս 3,5 ժամով, այսինքն՝ այն կգործի ժամը 05:30-24:00-ն:
Երկու երկրների վարչապետների հանդիպման ժամանակ վրացական կողմը տեղեկացրել է նաև, որ նախատեսում է քայլեր ձեռնարկել ճանապարհահատվածն առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ: Այդ նպատակով, մասնավորապես, նախատեսվում է իրականացնել ճանապարհի լայնացման, ինչպես նաև լուսավորման հետ կապված աշխատանքներ:
Մնում է փաստել, որ Դարիալի անցակետի աշխատանքային գրաֆիկի ավելացումը և ճանապարհի անվտանգության ապահովվումը թույլ կտա հայկական բեռնատարների խցանումները պակասեցնել, արտահանումների գործընթացը դարձնել ավելի դյուրին և արդյունքում լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանից ապրանքների արտահանման գործում:
