Ինչ պորտֆելներ է տրվելու ՀՅԴ-ին
Հայ հեղափոխական դաշնակցությունն ու Հանրապետական կուսակցությունը ընդհանուր, նախնական համաձայնության են եկել կոալիցիա կազմելու մասին։ Այդ մասին փետրվարի 10-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով, ԳՄ նիստում քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական խնդիրները, անդրադարձ է եղել ՀՅԴ հետ համագործակցության ձեւաչափին։
«ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ ունի նախնական համաձայնություն՝ ապագայում կառավարության կազմում աշխատելու ուղղությամբ։ Վերջնական համաձայնության մասին կտեղեկանաք մինչեւ շաբաթվա վերջ։ ՀՅԴ-ի հետ Հանրապետական կուսակցությունը շատ հավանական է համարում համաձայնագիրը»,- ասել է Շարմազանովը։
Հարցին, թե որ նախարարական պորտֆելներն ու մարզերն են տրվելու ՀՅԴ-ին, Շարմազանովը չպատասխանեց. «Ես իրավունք չունեմ հրապարակային, որպես կուսակցության խոսնակ նեկայացնել, թե որ պաշտոններն են տրվելու։ Այս փուլում կարող եմ ասել, որ ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն ունեն ընդհանուր համաձայնության ապագայում Հ քաղաքական օրակարգում միասնաբար հանդես գալու»,- նշեց նա։ Շարմազանովը նաեւ չպատասխանեց իր կուսակից, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնանկության մասին հարցին՝ խորհուրդ տալով սպասել երեք օր։
