Ի՞նչն է Շիրակի մարզում 28-ամյա երիտասարդի մահվան պատճառը
Այս գիշեր Շիրակի մարզի Մայիսյան գյուղից դեպի Քեթի գյուղ տանող ճանապարհից քիչ հեռու սարի լանջին հայտնաբերվել է Մայիսյան գյուղի բնակիչ 28-ամյա Լևոն Սերոբյանի դին:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Մայիսյանի գյուղապետ Հակոբ Բաղդասարյանը նշեց, որ երիտասարդը նորմալ աշխատասեր ընտանիքի զավակ է, ապրում էր ծնողների և 2 եղբայրների հետ:
Հայրը արտագնա աշխատանիք է Ռուսաստանում, ժամանակ առ ժամանակ Լևոնը ևս մեկնել է հոր մոտ աշխատելու:
Ըստ գյուղապետի՝ երիտասարդը ընկերասեր տղա է եղել, խուլիգանական հակումներ գյուղապետը չի նկատել:
Ինչ վերաբերում է նրա առողջական վիճակին, ապա մեր զորւցակցի խոսքով, եթե խնդիրներ ունենար, իրեն կտեղեկացնեին:
Քննչական կոմիտեից տեղեկացրեցին, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու երիտասարդի մահվան պատճառը։ Դիահերձման բժշկական նախնական տեղեկանքի համաձայն՝ մահը վրա է հասել սրտի անբավարարությունից։
