Ինչո՞ւ է օրենքով գող Զապ-ը հայտնվել հիվանդանոցում
Օրենքով գող Անդրանիկ Սողոյանը` Զապը, մի շարք առողջական խնդիրներ ունի: Բայց թե ի՞նչ առողջական խնդիրների մասին է խոսքը գնում, օրենքով գողի փաստաբան Վահագն Մարտիրոսյանը,խոստացավ պատասխանել վաղը, երբ կհանդիպի իր պաշտպանյալին: Անդրադառնալով իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքին փաստաբանը նշեց.
-ՀՀ-ում նրան որեւէ մեղադրանք չի առաջադրվել, նրան մեղադրանք է առաջադրել Չեխիայի հանրապետությունը, որտեղ էլ մեղադրանքը բողոքարկել եմ: Չեխիայում նրան մեղադրում են սպանության, սպանության կազմակերպման եւ դրամաշորթության մեջ: Պետք է ասեմ, որ զավեշտն այն է, որ իմ պաշտպանյալը այս նույն մեղադրանքով երեք անգամ արդարացվել է նույն Չեխիայի հանրապետությունում: Թե ինչով է պայմանվորված նույն մեղադրանքը կրկին առաջադրելը, դա ինձ համար առնվազն զարմանալի է:Այս պահին ընդամենը մի բան կարող եմ ասել. իմ պաշտպանյալը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Մենք ամեն բան կանենք, որ մեկ անգամ եւս ապացուցենք պաշտպանյալիս անմեղությունը:
Հարցին, ճիշտ ե՞ն խոսակցություններն այն մասին, որ նա այս ամիսների ընթացքում գտնվել է Հայաստանում, փաստաբանը հետեւյալ պատասխանը տվեց.
-Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել:
Նոնա Ադամյան
