Ինչո՞ւ ՕԵԿ-ն իշխանափոխություն չի պահանջում
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո կոալիցիայից դուրս եկած եւ իրեն ընդդիմություն համարող «Օրինաց երկիր» կուսակցությունը Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջում, որովհետեւ նրա հետ վեց տարի աշխատել է եւ հրաժարական պահանջելը «ճիշտ չի համարում»: Այս մասին այսօր` նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը:
Պատգամավորը կարծում է, որ այսօր ժամանակը չէ իշխանափոխություն պահանջելու համար և նշում երկու պատճառ.«Նախ` նրա հետ վեց տարի աշխատել ենք, երկրորդ` հեռացող նախագահ է եւ հայտարարել է, որ չի առաջադրվելու»,- ասաց Իշխան Խաչատրյանը:
Ամեն դեպքում, ՕԵԿ-ը ձախողված է համարում 2015թ.-ի բյուջեի նախագիծը եւ Իշխան Խաչատրյանի խոսքով` դա նշանակում է, որ քաղաքական ուժը դժգոհ է կառավարության աշխատանքից:
