Ինչպես է Սերժ Սարգսյանը պատրաստվում իր հոբելյանական տարեդարձին.video
Հունիսի 30-ին լրանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 60-ամյակը: Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրի ընթացքում, պատասխանելով հարցին, թե ինչպես է պատրաստվում հոբելյանական տարեդարձին` Սարգսյանն ասել է, որ առանձնապես չի պատրաստվում, և 60-ամյակին ընդառաջ` իր ցանկություններն ամբողջությամբ չեն կատարվել:
«Ես այն մարդկանց թվին չեմ դասվում, ովքեր նախորոք պատրաստվում են իրենց ծննդյան տարեդարձներին: Այս հոբելյանական տարեդարձը, ցավոք սրտի, չեմ կարող ասել, որ այն հանգրվանն է, որտեղ ես իրականացված տեսել եմ բոլոր երազանքները: Մարդ արարածն այնպիսին է, որ միշտ փորձում է հիշարժան տարեթվերի հետ կապել որոշակի հանգամանքներ: Չեմ կարող իմ 60-ամյակի առիթով ասել, որ իմ բոլոր ցանկություններն իրականացել են, ուստի այլ հանգամանք չի մնում, քան սպասել իմ հաջորդ հոբելյանին` 65-ամյակին, որը ես կցանկայի դիմավորել արդեն ազատ Արցախով, հստակ հաստատված խաղաղությամբ և արագ տեմպերով զարգացող Հայաստանով և նույնչափ արագ տեմպերով ներգաղթ երևույթներով: Ես ցանկանում եմ, որպեսզի բոլոր նրանք, ովքեր նշում են իրենց ծննդյան տարեդարձները կատարված ցանկություններով դիմավորեն»,- իր խոսքում ասել է նախագահը:
