Ինչպե՞ս համացանցում պայքարել ֆեյքերի դեմ (տեսանյութ)
«Եթե դուք հայտնաբերեցիք, որ ձեզ զրպարտել կամ վիրավորել են, չնստեք եւ տանը սպասեք, երկար չմտածեք, որովհետեւ դուք կարող եք հայց ներկայացնել դատարան 1 ամսվա ընթացքում, իսկ դրանից ուշ չեք կարող, քանի որ վաղեմության ժամկետն անցնում է»,- այս մասին, այսօր Երևանում մեկնարկած թվով յոթերորդ «Բարքեմփ Երևան» ամենամյա միջազգային կոնֆերանսի ընթացքում ասաց ավագ փաստաբան Գեւորգ Հակոբյանը։ Փաստաբանի այս դիտարկումը վերաբերում էր այն դեպքերին, երբ զրպարտող կամ վիրավորող անձի ինքնությունը հայտնի: Սակայն ավելի հաճախ լինում են դեպքեր, երբ որեւէ անձի հասցեին վիրավորանքներ են հնչում կեղծ (ֆեյք) էջերից, որոնց գրեթե հնարավոր չէ գտնել: Ի՞նչ անել այս դեպքում: «Եթե ֆեյքը ձեր հասցեին վիրավորանքներ է հնչեցնում, էլի կարող եք դատարան դիմել ու ասել, որ տարածված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, դատարանն էլ հաստատի: Սա ձեր պաշտպանության միջոցն է: Հաստատվելուց հետո վճիռը կարող եք նկարել, տեղադրել սոցիալական ցանցերում եւ գրել, որ այդ ֆեյք հաշվից տարածված տեղեկությունները սուտ էին»,- առաջարկում է փաստաբան Գեւորգ Հակոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.
Հեղինակ` Աշոտ Իսրաելյան
