Ինչպիսին կլիներ արդյունքները, եթե այս շաբաթ տեղի ունենային Երեւանի ավագանու ընտրություններ
Iravunk.com-ում արդեն երեք ամիս է, ինչ ընթանում է սոցհարցում, թե քաղաքացիները սեպտեմբերի 17-ին տեղի ունենալիք Երեւանի ավագանու ընտրություններին ո՞ր քաղաքական ուժի ներկայացուցչին են ցանկանում տեսնել Երեւանի քաղաքապետի պաշտոնում: Այսպիսով՝ ամփոփելով եռամսյակը՝ բավականին ուշագրավ պատկեր է ստացվել:
Սոցհարցմանը մասնակցած 251 անձից ընդամենը 1-ական տոկոսը ցանկանում է Երեւանի քաղաքապետի պաշտոնում տեսնել Նորիկ Նորիկյանի «Արդար Հայաստան» կամ Տիգրան Արզաքանցյանի «Ուժը Հայրենյաց» կուսակցության ներկայացուցչին: Նույն է, թե Երեւանի քաղաքապետ լինի, որպես թեկնածու, հայտ ներկայացրած փաստաբան Նորիկյանը կամ Արզաքանցյանի տիկին Ռոտենբերգը:
Հարցման մասնակիցների ընդամենը 2 տոկոսը կողմ է, որ ընտրություններում հաղթի «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Մանե Թանդիլյանը: Այո, չհայտարարված, բայց նրա գերակտիվ նախընտրական քարոզարշավը քաղաքացիների վրա չնչին ազդեցություն է թողել:
3 տոկոսը Երեւանի քաղաքապետի պաշտոնում ցանկանում է տեսնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցչին, թեպետ այս քաղաքական ուժը ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ դեռ որոշում չունի:
ԱԺԲ-ականների ներկայացուցչին քաղաքապետի պաշտոնում ուզում է տեսնել հարցման մասնակիցների 4 տոկոսը: Իսկ ՀՅԴ-ի ներկայացուցչին՝ 9 տոկոսը:
Հարցման արդյունքում լավագույն ցուցանիշներ ունեցողների եռյակը բացում է Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայն» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն կալանքի տակ գտնվող Արտակ Գալստյանն է: «Հանրային ձայն»-ը ստացել է քաղաքացիների 43 տոկոսի վստահությունը: 19 տոկոսը Երեւանի քաղաքապետի պաշտոնում ցանկանում է կրկին տեսնել Հանրապետական կուսակցության ներկայացուցչին, թեպետ ՀՀԿ-ն մինչ այս պահն ընտրություններին մասնակցելու հայտարարությամբ հանդես չի եկել: Երրորդ տեղում՝ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժումն է, որը ստացել է 13 տոկոս ձայն: Հիշեցնենք, որ շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը կոչ էր արել Երեւանի քաղաքային ընտրությունների շուրջ ձեւավորել ընդդիմադիր միասնական դաշինք՝ վերականգնելով 16 կուսակցությունների համագործակցության ֆորմատը, միասնական ճակատով հանդես գալու նպատակով:
Հատկանշական է այն, որ սոցհարցման շրջանակում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է զրո տոկոս, իսկ նշված քաղաքական ուժերից դուրս այլ քաղաքական ուժի ներկայացուցչին են ցանկանում Երեւանի քաղաքապետի պաշտոնում տեսնել հարցման մասնակիցների 5 տոկոսը:
