Ինչու են Հայաստանի դպրոցներում սեռական դաստիարակությամբ զբաղվում ֆիզկուլտուրայի ուսուցիչները
Հայաստանի դպրոցներում այսօր սեռական դաստիարակության հարցերը ներառված են Առողջ ապրելակերպ դասընթացի շրջանակներում, որը դասավանդում է ֆիզկուլտուրայի ուսուցիչը:
Սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի խոսքով` սեռական դաստիարակությունը մասամբ սկսվում է ընտանիքից, հետո դպրոցը գալիս է օժանդակելու: «Սակայն, այսօր մենք այդ բացը ոչ մի ձևով չենք կարողանում լրացնել, որովհետև դպրոցներում սեռական դաստիարակության հարցերը ներառված են Առողջ ապրելակերպ դասընթացի շրջանակներում, որը պարապում է ֆիզկուլտուրայի ուսուցիչը: Դա սխալ է: Եթե մենք դա անում ենք ուղղակի անելու համար, ավելի լավ է չանենք»: Վրեժ Շահրամանյանի խոսքով` իրենք` խնդրի լուծման նպատակով, ասոցիացիայի կողմից հանդես են եկել առաջարկով.
«Մենք ծրագիր ենք կազմել և առաջարկով հանդես ենք եկել մեր ասոցիացիայի կողմից, որ դպրոցի ուսուցիչներն անցնեն համապատասխան վերապատրաստում, ստանան համապատասխան գրականություն և դպրոցներում պարապեն»: Սակայն, սեքսոպաթոլոգի կարծիքով, դեռևս լուրջ տեղաշարժ չկա: «Այսօր հատուկենտ դպրոցներում կարելի է նկատել, որ իսկապես մասնագետն է անցկացնում այդ դասընթացը: Այսինքն` դպրոցի տնօրենը հրավիրում է սեքսոպաթոլոգի կամ գինեկոլոգի, ով թեկուզ սակավ ժամերի սահմաններում, բայց փորձում է ինչ որ ինֆորմացիա մատուցել»:
Այս խնդրի շուրջ MAMUL.am-ի թղթակիցը զրուցեց նաև Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանի հետ, ում համար ևս խնդիրը մտահոգիչ է:
«Որքանով տեղյակ եմ, երբ Առողջ ապրելակերպ առարկան ներդրվեց, այն մարդիկ, ովքեր դպրոցում պիտի պարապեին, վերապատրաստվել էին: Կարծում եմ՝ առողջ ապրելակեպը կամ սեռական դաստիրակությունը չպիտի լինի կոնկրետ առարկա, այլ պետք է լինի բոլոր առարկաների մեջ ներծծված: Մաթեմատիկայի դասին էլ պիտի խոսեն դրա մասին, մայրենիի դասին էլ: Երեխան պետք է ամբողջական կրթությամբ ձեռք բերի այդ առողջ ապրելակերպի բոլոր դրույթները»,- վստահ է Անահիտ Բախշյանը: Նրա խոսքով` նույնիսկ մաթեմատիկայի ուսուցիչը պետք է այդ առողջ ապրելակերպը քարոզող մարդ լինի:
Մանրամասները՝ Աղբյուրը
