Ինչու են Հայաստանի ու ԼՂՀ իշխանությունը վախեցած
Lragir.am-ը գրում է .
Karabakh-open.com-ին տված հարցազրույցում ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, պատասխանելով հարցին, թե ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ելույթը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ինչպես կազդի ԼՂՀ ճանաչման գործընթացի վրա, ասել է, որ չէր ցանկանա քաղաքականացնել այս հարցը:
Բակո Սահակյանին Լոնդոն հրավիրելն ու նրա ելույթը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում կարող է «քաղաքական» տեսք ունենալ միայն ԼՂՀ միջազգային ճանաչման համատեքստում: Հակառակ դեպքում ստացվում է, որ Բակո Սահակյանը մեկնել է մշակութային ծրագրի շրջանակում: Չի բացառվում, որ ճանաչման մտադրությունների մասին ազդանշանն էր հրավերի պատճառը. Բրիտանիան փորձում է հասկացնել, որ բաց է ճանաչման երկխոսության համար:
Երեւում է, սակայն, Հայաստանն ու ԼՂՀ-ն առանձնապես չեն ձգտում առաջ տանել ճանաչման հարցը: Իսկ ավելի պարզ ասած, Հայաստանն ու ԼՂՀ-ն ընտրողաբար են վերաբերվում Ղարաբաղը ճանաչողներին: Օրինակ, ամերիկյան 5 նահանգների ու այլ պետական կազմավորումների կողմից ԼՂՀ ճանաչմանը ներողամտաբար են վերաբերվում՝ շնորհակալություն են հայտնել ճանաչման համար, սակայն այդպես էլ շահագրգռվածություն չեն ցուցաբերել գործընթացի շարունակման համար:
Ո՞վ պետք է առաջինը ճանաչի Ղարաբաղը: Հայաստանը դեռ չի արել դա, իսկ հայկական պետությունների պաշտոնական դեմքերն ասում են, որ լավ կլիներ ճանաչումն առաջինը լիներ Ադրբեջանից: Չնայած ակնհայտ է, որ նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում դա չի կարող լինել:
Մեկ այլ կարծիք կա, որ մեզ ճանաչում պետք չէ, մենք գոյություն ունենք որպես պետություն եւ մեզ հետ հաշվի են նստում առանց ճանաչման էլ: Այս կարծիքի կողմնակիցներն աում են, որ ճանաչումը միայն կխախտի ստեղծված ստատուս-քվոն եւ իրավիճակի սրման կբերի:
Շատերը նաեւ հարց են տալիս, թե Ղարաբաղն ինչ սահմաններում է ճանաչում ակնկալում: Եթե խոսք լիներ ԼՂԻՄ գումարած 1-2 շրջանի մասին, Ադրբեջանը, հավանաբար, վաղուց էր ճանաչել ԼՂՀ-ն՝ իրեն 2 անգամ ավելի մեծ տարածք վերցնելով: Ակնհայտ է, որ նրանք, ովքեր պատրաստվում են ճանաչել, պետք է ԼՂՀ ներկայիս սահմաններով ճանաչեն: Միայն դա կարող է ընդունելի լինել Հայաստանի ու ԼՂՀ համար:
Ինչու՞ Հայաստանն ու ԼՂՀ-ն առանձնապես շահագրգվածություն չեն ցուցաբերում ճանաչման գործում: Միգուցե ոչ ոք չի՞ առաջարկում ներկայիս սահմաններում ճանաչում: Թե՞ միանշանակ ռուսական դիրքորոշում ընտրած Հայաստանի ղեկավարությունը չի ցանկանում, որ ճանաչումը լինի ոչ թե Ռուսաստանի, այլ արեւմտյան երկրների կողմից: Արդյոք հակառակ դեպքում Մոսկվան ստիպված կլինի բացահայտ պատերազմ սկսել եւ դեսանտ իջեցնել, ինչպես Կոսովոյում:
Այսպես թե այնպես, կարելի է արձանագրել հայկական պետությունների հետաքրքրության բացակայությունը ԼՂՀ ճանաչման հարցում՝ որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու նոր ստատուս-քվո հաստատելու միջոց: Էդվարդ Նալբանդյանն ու Դավիթ Բաբայանն այդ պատճառով չեն ցանկանում «քաղաքականացնել» այդ հարցը: Հանկարծ կարող է քաղաքական առաջարկներ հնչեն:
