Ինքնահրկիզման փորձ կատարած 40-ամյա կինը ասել է, որ չի ցանկանում երեխաների հետ սոված ապրել
Երևանի կենտրոնում երեկ՝ նոյեմբերի 10-ին ինքնահրկիզման փորձ կատարած 40-ամյա կինը՝ 18 տոկոս այրվածք է ստացել. այս մասին Fnews.am-ի հետ զրույցում ասաց «Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնի» ղեկավար Նորայր Դավիդյանը: Կենտրոնի ղեկավարը տեղեկացրեց, որ վիճակը ծանր է, նա գտնվում է «Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնի» վերակենդանացման բաժանմունքում: «Այրվել են ոտքերը, աջ ձեռքը»: Նա տեղեկացրեց, որ խոսել են կնոջ հետ նման քայլի պատճառը եղել է սոցիալական ծանր պայմանները. «Ընդամենը մեկ բան է մեզ ասել, որ չի ցանկանում երեխաների հետ սոված ապրել»:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան՝ ժամը 23.10-ին Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում անձը չպարզված քաղաքացին իր երեխաների հետ փորձում է վնասել իրեն, ձեռքին կա դյուրավառ հեղուկով տարրա. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում 1975 թ. ծնված Լ. Ս.-ը երեխաների հետ (Մ.՝ ծնվ. 2013 թ, Գ.՝ ծնվ. 2010 թ.) փորձել է ինքնահրկիզվել` դյուրավառ նյութն (բենզին) իր վրա լցնելով:
