Իրանն արևմտյան խոշոր ներդրումներ է ակնկալում իր նավթային ոլորտում
Բրիտանական The Financial Times թերթի փոխանցմամբ՝ Իրանը մշակում է արևմտյան ընկերությունների հետ ավելի շահավետ պայմաններ և նախատեսում է պատժամիջոցների չեղյալ հայտարարման դեպքում 100 միլիարդ դոլար ներդնել նավթարդյունահանող արդյունաբերությունում: Այս մասին հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության նախարարությանը կից գործող աուդիտորական հանձնաժողովի ղեկավար Մեհդի Հոսեինին։
«Այդ պայմանագրերի արժեքը կարող է գերազանցել 100 միլիարդ դոլարը»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանին պայմանագրերի պայմանները կհաստատի առաջիկա ամիսներին:
Իրանն իր գազային պաշարներով աշխարհում առաջինն է, իսկ նավթի պաշարներով՝ չորրորդը: Ծրագրված է մինչև ընթացիկ տասնամյակի ավարտն Իրանում նավթի օրական արդյունահանման ծավալը հասցնել մինչև 5 միլիոն բարելի:
