«Իրանում կորոնավիրուսից մահացած մեր հայրենակիցը 85 տարեկան էր». Զարեհ Սինանյան
Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը մարտի 19-ին հայտնեց, որ Իրանում հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը, ով շաբաթներ առաջ մահացել էր կորոնավիրուսից, 85-ամյա տարեց կին էր, ուներ տարբեր հիվանդություններ։
Զ. Սինանյանը նշեց, որ այս օրերին գրասենյակ շատ են դիմում ՀՀ քաղաքացիներ, ովքեր ցանկանում են ՌԴ-ից հայրենիք վերադառնալ: Նրանց հիշեցնում են, որ ցամաքային ճանապարհով չեն կարող գալ: Դիմողներ կան նաև ԻԻՀ-ից ու Լիբանանից, որոնց ևս ընթացակարգերի մասին տեղեկատվություն են փոխանցում:
«Արտակարգ դրությունը շատերին է դժվար կացության մեջ դրել: Օրինակ՝ ունեցել են մի դեպք, երբ անձի մշտական կեցության կարգավիճակի ժամկետը մինչ արտակարգ դրությունը սպառվել էր, մեկնել էր ԻԻՀ, որպեսզի համապատասխան փաստաթղթեր վերցներ և վերադառնար Հայաստան։ Կարգավիճակը վերականգնելու նպատակով հիմա հայտնվել է Վրաստանում, ո՛չ կարգավիճակ ունի, ո՛չ էլ կարող է ՀՀ վերադառնալ»,- ասաց պաշտոնյան:
Ըստ Զ. Սինանյանի՝ չեղյալ են համարվել մի քանի գործուղումներ, միջոցառումներ: Չի կասեցվել, հետաձգվել է ՀՀ կառավարության «Ի գործ» ծրագիրը: «Քայլ դեպի տուն» ծրագիրը, որը պետք է սկսվեր հունիսին, չի մեկնարկվել․ հայտեր ընդունվում են, սակայն իրագործելիության հարցում դեռ անորոշություն է: Սեպտեմբերին նախատեսված էր նաև համահայկական համաժողվի անցկացումը, սակայն սա ևս կասեցվել է:
