Իրավիճակը սրվում է. Նոր հանգամանքներ են ի հայտ գալիս
Քրեական հեղինակություն հանդիսացող Երրորդմասցի Լյովիկի սպանության քննության ընթացքը հետաքրքիր դրսեւորումներ է ստանում: Տեղեկություն է հրապարակվել, որ քննությունն իրականացնող ԱԱԾ-ն ձերբակալել է առինջավանցի Կարեն Երեմյանին, ով հայտնի է նաեւ Թիզ մականունով: Բանն այն է, որ մամուլի տեղեկությունների համաձայն, Երեմյանը Միլենա տաքսի ծառայության ղեկավարն է, իսկ այդ ծառայությունը պատկանում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կնոջը: Դա նշանակում է, որ նա Տարոն Մարգարյանի շրջապատի անձանցից է:
Քրեական հեղինակությունների սպանություն-ռազբորկայի գործը ստանում է բավական հետաքրքիր երանգներ, նաեւ այն բանի շնորհիվ, որ սպանությունից անմիջապես հետո քրեական ռազբորկայի մասնակիցների, մասնավորապես զոհերի անունները մամուլի բազմաթիվ հրապարակումներով կապվեցին Հայաստանի իշխանության տարբեր շրջանակների ներկայացուցիչների հետ: Եվ այդ երկու՝ քրեական եւ քաղաքական ինֆորմացիոն զուգահեռների համադրությունը բավական հետաքրքիր պատկեր է ձեւավորում, արտացոլելով Հայաստանի փաստացի քրեա-քաղաքական իրականությունը:
Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո մամուլում տեղեկություններ հրապարակվեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ նրա կապի, նրա հանդեպ այդ բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորության մասին, բիզնես գործընկերության մասին: Տեղեկությունների շարքում եղան նաեւ այնպիսիք, որ Լյովիկը իր քրեական գործունեությամբ սպասարկել է այդ երկու պաշտոնյաների ծրագրերը:
Հետագայում մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ Լյովիկի սպանության համար կասկածվողը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը կարող է լինել, քանի որ նա իր փեսայի հետ կապված խնդիրներ ուներ Լյովիկի հետ: Մհեր Սեդրակյանը հայտարարել էր, որ դա իր ձեռագիրը չէ: Եվ ահա ի հայտ են գալիս սպանության քննության շրջանակում ձերբակալվածներ, որոնք առնչություն ունեն այլ պաշտոնյաների հետ՝ մասնավորապես Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ով Հայաստանի իշխանական համակարգում իր դիրքերը ապահովում է նաեւ իր թաղակից օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի հետ:
Մի քանի ամիս առաջ, երբ կառավարության փոփոխությամբ տեղի ունեցավ ներիշխանական հեղաշրջում եւ իշխող համակարգում ուժերի հավասարակշռության էական փոփոխություն, մամուլում բավական բացահայտ ի հայտ եկավ Ռուբեն Հայրապետյանի հակադրությունը Գագիկ Բեգլարյանի եւ Հովիկ Աբրահամյանի հետ, ներհհկ-ական հակասությունների շրջանակում: Ռուբեն Հայրապետյանը հարցազրույցներից մեկում բավական կոշտ էր արտահայտվել Գագիկ Բեգլարյանի հասցեին եւ բավական սառը, բայց թափանցիկ ակնարկներ արել Հովիկ Աբրահամյանի հասցեին:
Իսկ ներհհկ-ական շահերի բախման այս համատեքստում մամուլում տեղեկություններ էին հայտնվել նաեւ Գագիկ Բեգլարյանի՝ քաղաքապետի պաշտոնին վերադառնալու հավակնության, միեւնույն ժամանակ էլ՝ Տարոն Մարգարյանի մոտ ի հայտ եկած վարչապետական հավակնությունների մասին:
Միով բանիվ, երրորդմասցի Լյովիկի սպանության գործը հետաքրքիր զարգացումներ է ունենում: Այս զուգադիպությունները կարող են լինել թե պատահականություն, թե «օրինաչափություն», նկատի ունենալով Հայաստանում քաղաքականության քրեականացման բարձր աստիճանը, եթե ոչ՝ սերտաճումը:
Աղբյուրը՝ Lragir.am
