Իրենց մարդասիրական առաքելության մեջ Աստված զորավիգ լինի բոլոր բժիշկներին. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ընդունել է ՌԴ Առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն իր գոհունակությունն է հայտնել երկու երկրների և պետությունների միջև առկա ջերմ բարեկամական փոխհարաբերությունների և ընդլայնվող գործակցության համար:
Վեհափառ Հայրապետն արդյունավետ համագործակցության համար իր մասնավոր գնահատանքն է փոխանցել ՌԴ և ՀՀ Առողջապահության նախարարներին ու նրանց պաշտոնեությանը` կարևորելով առողջապահության ոլորտում ի նպաստ բնակչության իրականացվող բոլոր ծրագրերն ու ներդրվող ջանքերը: Այս համատեքստում Ամենայն Հայոց Հայրապետը ներկայացրել է նաև Հայ Առաքելական Եկեղեցու կողմից առողջապահության ոլորտում իրականացվող գործունեությունը:
Իր հերթին ՌԴ Առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան շնորհակալություն է հայտնել Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ցուցաբերված ջերմ ընդունելության համար` միաժամանակ անդրադառնալով ձևավորվող համագործակցության հեռանկարներին:
Զրույցի ժամանակ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր օրհնությունն ու գնահատանքն է բերել նաև պատվիրակության կազմում ընդգրկված հայտնի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալին` 1988 թ. ավերիչ երկրաշարժի օրերին հայ ժողովրդին բերած օգտակար ծառայության համար:
Հանդիպման ավարտին Հայոց Հայրապետը մաղթել է, որ իրենց մարդասիրական առաքելության մեջ Աստված զորավիգ լինի բոլոր բժիշկներին:
