Իրոք, ովքե՞ր են «ՈՉ»-ականները
Ազգային ժողովում մեկնարկել էր 5-րդ գումարման 8-րդ նստաշրջանի երկրորդ նիստը: Քննարման հիմնական թեման Սահմանադրական բարեփոխումներն էին:
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանից առաջ լրագրողները հետքաքրքրվել էին, թե վարչապետն ինչ կարծիք ունի սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Ոչ»-ի ճակատի մասին: Լրագրողների հարցին ի պատասխան Աբրահամյանն ասել է, որ այդ կառույցի մասին ոչինչ չգիտի:
Բոլոր դեպքերում, երբ նայում ես «ՈՉ»-ի ճակատում հավաքված կառույցներին, հասկանում ես, որ քաղաքական դաշտում նրանց անհայտ լինելը տրամաբանական է:
Եկեք մի պահ ուշադիր նայենք, թե ովքեր են հավաքված այդ կառույցում, ինչ կուսակցություններ են:
Երբ խոսում են խորհրդարանական խմբակցությունների մասին, արդյոք «ՈՉ»-ականները նկատի ունեն ՀԱԿ-ի՞ն կամ «Ժառանգությանը»:
Վերջին շրջանում տեղի ունեցած վերադասավորումներից հետո դժվարանում եմ Կոնգրեսին համարել խմբակցություն: Նիկոլ Փաշինյանը վաղուց «տեղում չէ», բայց տարածքում է, Լյուդմիլա Սարգսյանն իր երկու երեք կուսակցականով մասնակցում էր Բաղրամյան 26-ի հանդիպումներին, Հրանտ Բագրատյանի քաղաքական գիծը վաղուց որևէ աղերս չունի ընդհանուր ՀԱԿ-ի քաղաքական ռազմավարության հետ: Մնացին 2, 3 հոգի, ովքեր նույնպես մեծ տարաձայնություններ ունեն:
«ՈՉ»-ի մյուս առաջամարտիկ «Ժառանգության» մասին խոսելը կարծում եմ ավելորդ է, քանի որ կուսակցությունը վաղուց որդեգրել է «7 մարդ 9 կարծիք» աքսիոման: Այս պայմաններում Ժառանգությանը դիտարկել, որպես մեկ ամբողջականություն՝ զվարճալի է:
Դե, մնացին մի քանի ՀԿ-ներ, ոչ այնքան ակտիվ կուսակցություններ, ինչպես նաև Հմայակ Հովհաննիսյանն իր ցնդաբանություններով, Պարույր Հայրիկյանն իր ԵՄ դրոշներով և «բանտային հուշերով»:
Այս պայմաններում, կարծում եմ Սահմանադրական բարեփոխումների գործընթացի դեմ «կռվող» մեր հարգարժան դեմքերը պետք է համաձայնվեն, որ իրենց շարժման մասին չիմանալն ամոթ չէ: