Իշխանությունները պարտադրված կլինեն՝ ականջալուր լինել ժողովրդի պահանջներին
Հունվարի 19-ին «Ելք» դաշինքը երթ է կազմակերպելու՝ ընդդեմ թանկացումների: Մամուլը գրում է՝ ամենայն հավանականությամբ՝ Նոր տարվա առաջին օրերին տեղի ունեցած գազի եւ բենզինի գնաճը ասյպես ասած՝ ժողովրդի համբերության բաժակը լցրել է, հետևաբար, չի բացառվում, որ նույնիսկ զանգվածային բնույթ կրեն ցույցերը։
Օրերս իր հարցազրույցներից մեկում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշել էր՝ չի բացառվում, որ ցույցերը լինեն շարունակական։
Թեմայի շուրջ Fnews.am-ի թղթակիցը զրուցել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Տիգրան Ավինյանի հետ։
«Սա առաջարկ է ժողովրդին՝ «Ելք» դաշինքի կողմից․ հարկավոր է կոնկրետ քայլերի գնալ։ Մենք ակնկալում ենք հստակ արդյունքի հասնել, այսինքն՝ մենք դուրս չենք գալու ինչ-որ տեղ ման գալու կամ էլ էքսկուրսիայի։ Մենք դուրս ենք գալիս բարձրաձայնելու կոնկրետ խնդրի վերաբերյալ։ Մեր բողոքն ուղղված է ԱԺ-ին․ մենք առաջարկելու ենք կոնկրոտ լուծումներ։ Պահանջելու ենք վերանայել Հարկային օրենսգիրքը», - նշեց Տիգրան Ավինյանը։
Հարցին՝ «Ելք»-ն ի՞նչ ակնկալիքներ ունի․ կկարողանա՞ ժողովրդին փողոց դուրս բերել, թե ոչ Տիգրան Ավինյանը պատասխանեց․ «Դա առավելապես կախված է ընդհանուր տրամադրություններից։ Մենք ակնկալում ենք, որ, այո՛, ժողովուրդը մեզ կմիանա, քանի որ պարբերաբար տեղի ունեցող այս թանկացումները տարեցտարի շարունակվում են այն պարագայում, երբ ժողովրդի կենսապայմանները չեն բարելավվում, այսինքն՝ չեն բարձրանում թոշակնները, նպաստն ու աշխատավարձերը, իսկ ժողովրդի ուսերին գնալով ավելանում է ֆինանսական բեռը։ Այսինքն՝ այստեղ կոնկրետ խնդիր կա դրված, և այն պետք է լուծել։ Եթե ժողովուրդը կարծում է, որ այս խնդիրը պետք է լուծել, ուրեմն, կարծում եմ՝ մեզ կմիանա», - նշեց Տիգրան Ավինյանը։
Վերջինս շեշտեց՝ եթե ժողովրդի լայն զանգվածները փողոց դուրս գան ու հստակ ներկայացնեն իրենց պահանջները, ապա իշխանությունները պարտադրված կլինեն ականջալուր լինել ժողովրդի պահանջներին։
«Եթե ժողովրդի լայն զանգվածները փողոց դուրս գան, իշխանություններն ուղղակի այլ տարբերակ չեն ունենա և լուծում կտան այս հարցին», - նշեց Տիգրան Ավինյանը։
