«Իշխանությունը պետք է անցնի բարդ ու ցավոտ ճանապարհ». Վահագն Խաչատրյան
«Այսօրվա իշխանությունը պետք է անցնի բարդ ու ցավոտ ճանապարհ՝ տնտեսական հեղափոխության գաղափարներն իրականացնելու համար». «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» թեմայով խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը:
Ըստ նրա՝ Հայաստանն ունի մի խնդիր՝ դեռևս չի փոխել մարդկանց ու վարքագծային կանոնները: Դա ժամանակ կպահանջի: Սակայն կարևորն այն է, որ իշխանություններն ունեն կամք ու համարձակություն՝ փոփոխություններ կատարելու համար: Տնտեսագետի դիտարկմամբ՝ 90-ականների տնտեսական բարեփոխումները հաջողություն չունեցան, որովհետև այն իրականացնողները շեղվեցին ճանապարհից: Նրանք մոռացել էին մի աքսիոմատիկ ճշմարտություն. բարեփոխումները, որոնք իրականացվում են քաղաքական դեմոկրատիայի հաշվին, ավարտվում են քաղաքական դեմոկրատիայի վախճանով:
Նոր պայմաններում տնտեսական հեղափոխություն կարելի է իրականացնել միայն պետություն-քաղաքացի նոր հարաբերությունների, ազատ մարդու, ընտրության ազատության պայմաններում: Խաչատրյանը կարևորեց նաև մարդկանց հնարավորությունների ու կարողությունների անհավասարության վերացումը:
«Հեղափոխության հաջողությունը կախված է լինելու այն հանգամանքից, թե ինչպիսի վերաբերմունք է ձևավորվելու պետության նկատմամբ: Համաշխարհային բանկի վերջին խորհուրդը վերաբերում է այն իրավիճակին, երբ տնտեսական բարեփոխումերին խանգարում են պոպուլիստական պահանջները, կամ էլ պարտվող խմբերի տարածած սխալ տեղեկությունները: Այդ դեպքում քաղաքական գործիչները պետք է բարեփոխումների անհրաժեշտության որակյալ ապացույցներ ներկայացնեն»,-ամփոփեց տնտեսագետը: