Իսկ Հայաստանի համար ամենակարևոր անցակետը դեռ փակ է. 1in.am
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նախօրեին այցելել են ռուս-վրացական սահմանակետ, որտեղ քննարկել են իրավիճակն ու հայկական բեռների կուտակման խնդիրները:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ վարչապետները պայմանավորվել են, որ անցակետը կգործի 3,5 ժամ ավելի երկար, քան մինչև այժմ, որպեսզի հայկական բեռները չկուտակվեն:
Խոսքը, ինչպես հասկացաք, Վերին Լարս անցակետի մասին է, որը Հայաստանի հիմնական ճանապարհն է դեպի արտահանման թիվ մեկ շուկա՝ Ռուսաստան: Այս ճանապարհը պարբերաբար արգելակվում է, կամ խնդիրներ են առաջանում, և ահա Հայաստանի ու Վրաստանի վարչապետները հերթական անգամ ինչ-որ բան են պայմանավորվում իրավիճակը փոխելու համար: Թե ինչ արդյունք կտա այս պայմանավորվածությունը, ժամանակը ցույց կտա:
Սակայն անհրաժեշտ է հասկանալ, որ Հայաստանի տնտեսության համար խնդիրը գլոբալ է, և այն, որ մեր տնտեսությունն ըստ էության կախված է Վերին Լարսի «մազից», և այստեղ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ խնդիրները ուղղակի կարող են կաթվածահար անել Հայաստանի տնտեսությունը, վկայում է տնտեսական անվտանգության, մեղմ ասած, ցածր մակարդակի մասին, սպառնալի ցածր մակարդակի:
Վերջին հաշվով, սա նշանակում է, որ և՛ Վրաստանը, և՛ Ռուսաստանը պարզապես Երևանի հետ որևէ խնդրի դեպքում կարող են արհեստական խոչընդոտ առաջացնել այդ ճանապարհին, որպեսզի զիջում կորզեն այս կամ այն հարցում: Եվ սա նշանակում է, որ հայկական տնտեսությունը պահանջում է քայլեր, լուծումներ, որոշումներ, որոնք գլոբալ առումով կփոխեն անվտանգության պատկերը, աստիճանը, որոնք դուրս կբերեն տնտեսությունը Վերին Լարսից կամ «վերին մազից» կախվածությունից:
Եվ սա արդեն կլինի նաև իրավիճակային այդ խնդրի անուղղակի լուծման շատ արդյունավետ քայլ, որովհետև բավական է Հայաստանն ապահովել այլընտրանքային ճանապարհներով և սպառման շուկաներով, այլընտրանքային տնտեսական ուղղություններով, որպեսզի նաև ռուս-վրացական սահմանային անցակետում էապես նվազեն հայկական բեռների համար առաջացող խնդիրները: Մինչդեռ այս՝ Հայաստանի տնտեսության գլոբալ անվտանգության ուղղությամբ կատարվող կոնկրետ, առարկայական քայլերը ոչ միայն քիչ են, այլ նույնիսկ չեն էլ նկատվում:
Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ նույն մոնոպոլ-օլիգոպոլ ճահճում, Հայաստանի բնակչության ստեղծագործական, գիտատեխնիկական պոտենցիալը շարունակում է մնալ խցանված և Հայաստանի համար այսօր տասնապատիկ ավելի կարևոր է բացել հենց այս «անցակետը», որպեսզի այդ պոտենցիալը մուտք գործի տնտեսություն ամբողջ թափով ու ծավալով:
