Իսլամական պետության ձեռքում գտնվող եզդիներին գումարով գնում և հանձնում հարազատներին
«ԻՊ»-ը Թուրքիայում վաճառում է Սիրիայում և Իրաքում առևանգած կանանց: Այս մասին ռեպորտաժ է պատրաստել գերմանական պետական ARD հեռուստաընկերությունը։ Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberler-ը՝ գերմանական ARD-ի թղթակիցները նկարահանել են թե ինչպես են «Իսլամական պետության ձեռքում գտնվող եզդիներին գումարով գնում և հանձնում հարազատներին։ Էբու Միթալ անունով մեկի միջոցով եզդի ընտանիքը դիմել է Թուրքիայում գտնվող ԻՊ-ի ստրուկների շուկայի բյուրո՝ գնելու 2-ից 4 տարեկան 3 երեխաներին, նրանց մորն ու 11 տարեկան մեկ երեխայի։ Էբու Միթալը ինտերնետի միջոցով գնի բանակցություններ է արել ԻՊ-ի հետ և գնի հարցով պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո մեկնել է Թուրքիայի Այնթափ և sms հաղորդագրությամբ ստացել ԻՊ-ի բյուրոյի հասցեն և այն մարդու անունը, ում պետք է փոխանցի գումարը։
Էբու Միթալն իր վրա ամրացված գաղտնի տեսախցիկով գնացել է ԻՊ-ի բյուրո, որտեղ ԻՊ-ի զինյալը դրամ հաշվելու ավտոմատ մեքենայով է հաշվել բերած գումարը։ Այնուհետ Էբու Միթալը մեկնել է Սիրիա և տեղավորվել հյուրանոցում և սպասել ԻՊ-ի sms հաղորդագրությանը։ Որոշ ժամանակ անց Միթալին հաղորդագրություն է գալիս, որում նշվում է գերիներին ստանալու տեղն ու ժամը։ Հանդիպման վայր մեկնած եզդի ընտանիքի անդամներն իրենց հարազատներին տեսնելուն պես ուրախությունից երկար արտասվել են։ ARD-ի հետ զրույցում Էբու Միթալը նշել է, թե վերջին մեկ տարում ինքը ԻՊ-ից գնել է 250 եզդի կանանց ու աղջիկների, որոնց համար վճարել է 2,5 մլն դոլար։ Նա շեշտել է, թե ԻՊ-ը եզդի կանանց և աղջիկներին վաճառքի է հանում նրանց համարակալելով՝ կից ներկայացնելով լուսանկարները։
