Իզուր տեղը ջուրը մտանք խնամիս ու ես
Կարծես թե կամաց-կամաց պարզ է դառնում, թե ինչ էր նշանակում այդ «այլընտրանք» ասվածը: Սցենարը պարզապես հանճարեղ էր՝ ԲՀԿ-ն «գործուղվում» է ընդդիմություն և որոշ ժամանակի ընթացքում իրենով է անում ողջ ընդդիմությունը: Դա ի սկզբանե դժվար չէր կանխագուշակելը, քանի որ մեր երկրում քաղաքականության մեջ առաջնայինը ոչ թե գաղափարն է, այլ նյութական ռեսուրսների առկայությունը: Հետևաբար, ով շատ փող ունի, նա էլ պատվիրում է երաժշտությունը, և ԲՀԿ-ն դարձավ ընդդիմադիր քառյակում, այնուհետև՝ եռյակում երաժշտություն պատվիրողը: Արդյունքը եղավ այն, որ ՀԱԿ-ը և «Ժառանգությունը», կարելի է ասել, դադարեցին որպես առանձին և իրենցից ինչ-որ բան ներկայացնող կուսակցություն գոյություն ունենալ և դարձան ընդամենը ԲՀԿ-ի աքսեսուար: Հանրահավաքային պայքարի նույն ԲՀԿ-ի նախաձեռնությամբ վիժեցվեց, և դրան փոխարինեցին ինչ-որ գրասենյակներ, որոնք խոշոր հաշվով ոչինչ չեն անում, ընդամենը շարունակում են վիժեցնել ընդդիմադիր պայքարը: ԵՏՄ-ին անդամակցությունն էլ վերջին ջախջախիչ հարվածն էր ընդդիմությանը, քանի որ իր հայացքներով միշտ որպես արևմտամետ հայտնի ՀԱԿ-ը հանկարծակի դարձավ ԵՏՄ-ին միանալու ջատագով, արևմտամետ «Ժառանգությունն» էլ դարձավ կիսաարևմտամետ, քանի որ կարծիքները կիսվեցին՝ նույնպես ԲՀԿ-ի ազդեցության տակ:
Վերջնական արդյունքում ԲՀԿ-ն հիանալի կատարեց իր առաքելությունը. Ընդդիմություն որպես այդպիսին մենք կարող ենք ասել, որ արդեն չունենք, այլ ունենք երկու քաղաքական ուժ՝ իշխող կուսակցությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ և ԲՀԿ-ն իր աքսեսուարներով հանդերձ՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, այսինքն՝ իշխանություն + օլիգարխիա: Մնում է տեղի ունենա այս երկուսի վերամիավորումը և «հայկական երազանքը» կարելի կլինի համարել կայացած:
Այս գործընթացը իշխանությունների համար իդեալական կլիներ, եթե դրա ընթացքում կարողանային նաև մեղմել հասարակական դժգոհությունը: Սակայն այդ մեկը նրանց չհաջողվեց, որովհետև այն մարդը, ում հետ որոշակի հույսեր էին կապել, չկարողացավ արդարացնել այդ հույսերը: Հասկանալի է, որ խոսքս վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասին է, ով նշանակաված էր իբրև թե շտկելու Տիգրան Սարգսյանի և նրա կառավարության սխալները: Իսկ սխալները ոչ միայն չշտկվեցին, այլև նրանց ավելացան նոև սխալներ: Ընդամենը տեղի ունեցավ մի քանի պաշտոնյաների վերադասավորումներ, Կառավարության կազմը կիսով չափ մնաց նույնը, օլիգարխների վիճակը էլ ավելի լավացավ, կուտակայինի հարցը որոշվեց ընդամենը անվանման մեջ մեկ բառի փոփոխությամբ, աղքատության տոկոսները չկրճատվեցին, արտագաղթի ծավալները՝ նույնպես: Եվ վերջապես, կրկին անգամ Կառավարությունը չկարողացավ կանխել հերթական գնաճը, ինչը արդեն բերում է հասարակական դժգոհության էլ ավելի մեծացման:
Նույնիսկ, ըստ շրջանառվող լուրերի, ֆինանսավորելով «ընդդիմադիր» կայքերը՝ Հովիկ Աբրահամյանը չի կարողանում անկումից փրկել իր վարկանիշը, և դա տեսանելի է ոչ միայն ընդդիմադիր հատվածին, այլև իշխանական շրջանակներին, որոնք նույնպես արդեն չեն թաքցնում իրենց անվստահությունը վարչապետի նկատմամբ: Եթե հիշում եք՝ Գալուստ Սահակյանի որդու հետ տեղի ունեցած միջադեպից հետո ԱԺ-ում հենց ՀՀԿ պատգամավորների ջանքերով տապալվեց Կառավարության նախագիծը, իսկ դրանից քիչ անց նախագահ Սերժ Սարգսյանը որոշում ընդունեց փոխվարչապետի պաշտոնում նշանակել Վաչե Գաբրիելյանին, ով Տիգրան Սարգսյանի կադրերից էր: Նման մեսիջներ ստանալուց հետո հարցական է դառնում՝ արդյո՞ք Հովիկ Աբրհամյանը կկարողանա պաշտոնավարել որքան նախատեսել էր: Իհարկե, նրան դեռ մնում է մի տարբերակ՝ հույսը դնել իր խնամու և այդ խնամու՝ իշխանության հետ վերամիավորվելու վրա, որպեսզի միգուցե իր համար էլ բարեխոսի:
Արտյոմ Եդիգարյան
