Ջունգլը փորձել է հեռանալ երկրից, բայց սահմանը հատելիս վթարի է ենթարկվել
Հարեւանների կողմից դաժան ծեծի ենթարկվելուց հետո մահացած ազատամարտիկ, 52-ամյա Վարդան Թումանյանի գործով ամբաստանյալներ Սարգիս Ղուկասյանը, Գեւորգ Սարգսյանը (Ջունգլ) փորձել են ապօրինաբար հատել Հայաստանի սահմանը։ NEWS.am-ի հետ զրույցում նման կասկած հայտնեց տուժողի կինը`իրավահաջորդ Տանյա Մելքումյանը։
Տիկին Մելքումյանի տեղեկություններով` Գեւորգ Սարգսյանը օրեր առաջ վթարի է ենթարկվել, ինչը տեղի է ունեցել հենց սահմանը հատելու փորձի ժամանակ. «Մեքենան ջարդուխուրդ ա եղել, ինքն էլ մարմնական վնասվածքներ է ստացել»:
Կնոջ խոսքով` Գեւորգ Սարգսյանը, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու վերաբերյալ ստորագրությունը, կարողացել է այնպես անել, որ վթարի վերաբերյալ որեւէ տեղեկություն չտարածվի։
Նշենք, որ եւ Գեւորգ Սարգսյանը եւ գործով մյուս ամբաստանյալ Սարգիս Ղուկասյանը, այսօր՝ օգոստոսի 25-ին, կրկին չէին ներկայացել դատարան։ Նրանց նախկին փաստաբան Կարեն Մկրտչյանը դատարանին հայտնեց, որ վերջինները վատառողջ են, սակայն չնշեց, թե կոնկրետ առողջական ինչ խնդիրների մասին է խոսքը։
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց ամբաստանյալների բերման ենթարկել:
Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 2-ին:
Հիշեցնենք, որ առաջին փորձաքննությամբ պարզվել էր, որ Վարդան Թումանյանը մահացել է ծեծի հետեւանքով, մինչդեռ կրկնակի փորձաքննությունը ցույց էր տվել, որ ազատամարտիկի մահվան եւ ծեծի միջեւ պատճառահետեւանքային կապ չկա: Դրանից հետո «Ջունգլի» եւ Սարգիս Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել էր, նրանք կալանքից ազատվել էին։
Գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները համաձայն չեն առաջադրված մեղադրանքի հետ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում
