Կապիկի տարի է, բանանը 2000 դրամով կվաճառեն
Ամանորը մենք նշում ենք մեծ շուքով, և գաղտնիք չէ, որ տոներին ընդառաջ բարձրանում են հատկապես սննդամթերքի գները: Մի քանի վաճառողներ նշեցին, որ շուկայում արդեն թանկացումներ կան: Շրջելով երևանյան մի քանի շուկաներում` վաճառողները և գնորդները փաստեցին, որ մրգի շուկայում թանկացում է գրանցվել:
«Այս Ամանորին խնձորի գինը չի բարձրանա, այ բանանը կարողա նույնիսկ երկու հազարով էլ վաճառենք, դե կապիկի տարի է, բոլորը իրենց սեղանին բանան կդնեն: Իսկ ներմուծողներն էլ արդեն թանկացման հետ կապված խոսում են», Fnews.am-ի հետ զրույցում -ասաց տիկին Գոհարը: Մեկ այլ վաճառող էլ ասաց.«էս տարի բոլորը կարող են խաղող առնել, էնքան շատա, որ 350 դրամով կարող են գնել, այ մանդարին քանի շուտ է թող առնեն, 350-400 դրամ է դարձել, բայց էլի կթանկանա»:
Մեզ հետ զրույցում երևանցիները փաստեցին, որ վերջին մի քանի օրերին, գրեթե ամեն ինչը թանկացել է, իսկ Ամանորի նախօրեին գներն էլ ավելի արագ են բարձրանում. «Իրիկունը քնում են, առավոտը վեր են կենում, արդեն թանկացում կա, դրա համար էլ բոլորը փախչում են, մարդիկ գնում, ապրում են, էստեղ ի՞նչ են անում»: Հարցված քաղաքացիներից մեկը նշեց, որ հայ ազգին բնորոշ հատկանիշ է տոներին ընդառաջ գներ բարձրացնելը, և եթե կողքից օգնություն չլինի, հնարավոր չի լինի պատրաստվել Ամանորին: Գնորդներից մեկն ասում է, որ նույն մանդարինը, մեկ ամիս առաջ գնել են 300 դրամով, այսօր այն դարձել է 400 դրամ. «Լավ մանդարինը 300-ով առնում էինք, էսօր արդեն 400 դրամ է դարձել»:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ է արձանագրել, որ էական գնաճ կա մրգերի շուկայում: «Թանկացումը սեզոնային բնույթ է կրում, հիմնականում ներմուծվող մրգերի շուկայում է թանկացում գրանցվել»:
Արմեն Պողոսյանն էլ ասում է, որ թանկացել են ամանորյա սեղանի անբաժանելի մաս կազմող մթերքները` ընդեղենը, միսը, քաղցրավենիքը: Խոզի ազդրը 20 տոկոսով է թանկացել: Ներմուծված հատիկ ընդեղենի էական գնաճ կա, իսկ տեղականի գնանկում է, որովհետև գյուղացին դժվարանում է իր հատիկ ընդեղենն իրացնի: «Էս տարի չենք կարող բողոքել պոպոկը շատ էժան է, անցյալ տարվա նման 10 000 դրամ չի այլ 5-6 հազար, նայած պոպոկ: Շատ թանկ է հնդկական պոպոկը, օրինակ «Սիթիում» 9 հազար դրամով են վաճառում»: Զարմանալի է, բայց կաթնամեթերքի շուկայում դեռևս թանակցում չի գրանցվել: Միայն ձվի շուկայում է գները էական բարձրացել. խանութներում այս պահին ձուն վաճառվում է 55-70 դրամ, իսկ որոշ ժամանակ առաջ 40-60 դրամով էին վաճառում: «Հո զատիկ չի՞,որ ձու են թանկացնում գոնե այս տարի չպետք է թանկացնեին, առանց այն էլ շատ բան են թանկացրել»-դժգոհեց գնորիդներից 54-ամյա Լուսինեն:
Արդեն իսկ նկատվել է գների էական փոփոխություն դեկորատիվ ապրանքների շուկայում: «Թանկացել են ժապավենները, թափանցիկ կտորները, այսինքն՝ այն ամենը ինչով Ամանորին կարելի է զարդարել տունն ու սեղանը: Նախորդ տարվա համեմատ թանկացել են նաև տոնածառի խաղալիքները, օրինակ` եթե նախորդ տարի միջին չափի կլոր խաղալիքներ կարելի էր գնել 280 դրամով, հիմա դրանք դարձել են 350 դրամ»,-այս թանակցումներիեց էլ իր դժգոհությունը հայտնեց Լիլիթը:
