Կարամելի Հարութը խորհրդարանում կարտ է խաղում
Այսօր Որակի համաշխարհային օրն է, որը նշվում է 1990 թվականից: Նոյեմբերի երկրորդ հինգշաբթի օրը՝ որպես Որակի օր, սահմանվել է Որակի եվրոպական կազմակերության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի աջակցությամբ: Օրվա նպատակն է ապրանքների և ծառայությունների բարձր որակի նշանակության բարձրացումը, ինչպես նաև այն գործողությունների ակտիվացումը, որոնք ուղղված են որակի բարձրացմանը:
Հայաստանում այս «տոնը» չի նշվում: Գուցե այն պատճառով, որ շատերը չգիտեն, որ աշխարհում արդեն 25 տարի նման տոն գոյություն ունի: Սակայն եթե անգամ հայ հասարակությունը տեղեկացված էլ լիներ, ինչպես կասեր դասականը, այս օրը որպես տոն նշեր, որ ի՞նչ աներ:
Հայաստանը երկիր է, որտեղ գերիշխում է որակի բացակայությունը՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստով: Հայաստանում անորակ է ամեն ինչ՝ սկսած մեր սպառած սննդամթերքից ու հագուստից, վերջացրած այն ծառայություններով, որոնք ստանում ենք մեր կենսագործունեությունն ապահովելու համար:
Հայաստանում անորակ, սարսափելի անորակ է ծառայություններից ամենակարևորն ու կենսականը՝ պետական ծառայությունը, այն ծառայությունը, որը պետությունը մատուցում է քաղաքացիներին՝ նորմալ կենսագործունեություն ապահովելու համար: Պետական կառավարման համակագը Հայաստանում թերևս ամենաանարդյունավետ գործող համակարգն է: Ընհանրապես, արդյունավետության ամենապարզ բանաձևը ծախսեր/արդյունք հարաբերակցությունն է:
Հայաստանի պետական կառավարման համակարգի վրա կատարվող ծախսերը, հարկատուների կողմից պետության մատուցած ծառայության դիմաց վճարվող գումարներն ամեն տարի ավելանում են, սակայն պետության գործունեության արդյունավետությունը՝ դրան հակադարձ համեմատական կարգով նվազում է: Դրա ամենացայտուն ցուցանիշը արտագաղթի ծավալն է. վերջին երեք տարիներին, պաշտոնական տվյալներով Հայաստանից արտագաղթել է ավելի քան 100 հազար քաղաքացի: Որակյալ ծառայություններով կամ որ նույնն է՝ որակյալ, բարեկեցիկ կյանքով ապրող երկրից այդքան մարդ չի հեռանում:
Հայաստանում ամենացածրորակ կատեգորիան թերևս պետական պաշտոնյաներն են: Ավելի ցածրորակ «սուբստանցիա» Հայաստանում դժվար է գտնել, ավելի անարդյունավետ համակարգ պարզապես գոյություն չունի:
Ի դեպ, այս օրերին խորհրդարանում քննարկվում է 2016 թվականի պետական բյուջեի նախագիծը, որում հաջորդ տարվա համար գրեթե որևէ ոլորտի հատկացվող գումարների ավելացում նախատեսված չէ… բացառությամբ պետական կառավարման համակարգի պահպանության ծախսերի:
Աղբյուրը 168.am
