Կառավարությունն իր ասած թվերի համար պիտի պատասխանատվություն կրի. Լեռնիկ Ալեքսանյան
1in.am-ը գրում է. Երեկ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2015թ. բյուջեի նախագծի քննարկումը տևեց ընդամենը 5-10 րոպե: Նիստին մասնակցում էին հանձնաժողովի ընդամենը հինգ անդամներ՝ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, հանձնաժողովի հանրապետական անդամներ Սամվել Նիկոյանը, Սուքիաս Ավետիսյանն ու Լեռնիկ Ալեքսանյանը: Միակ պատգամավորը, որը ՀՀԿ-ական չէր, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Լևոն Դոխոլյանն էր: Գ.Մինասյանը հարցը ներկայացրեց, առանց որևէ հարցուպատասխանի՝ անդամները դրական քվեարկեցին բյուջեի նախագիծը ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար:
Նիստին ոչ իշխանական երեք՝ ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն», անգամ «Դաշնակություն» խմբակցություններից որևէ անդամ չկար: Եվ ընդհանրապես բյուջեի այս նախագիծն անցած շաբաթ մշտական հանձնաժողովի նիստերում նախորդ տարիների նման բուռն քննարկման չարժանացավ: Բյուջեի նկատմամբ անտարբեր էին ինչպես ոչ իշխանական խմբակցությունները, այնպես էլ հանրապետականները: Իսկ Լ.Ալեքսանյանը նիստից հետո «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բացատրեց, որ այս անգամ ընդամենը ամփոփ նիստ էր անցկացվում, հարցերը սպառվել էին նախորդ նիստերի ընթացքում, և որ արդեն քառօրյայի ժամանակ ավելի ակտիվ քննարկումներ կլինեն:
Հիշեցնենք, որ բյուջեի նախագծում 2015թ. համար ընդամենը 4,1 տոկոս տնտեսական աճ է կանխատեսվում, բայց մտավախությունները մեծ են, որ կառավարությունը չի կարողանա այն ապահովել այնպես, ինչպես չկարողացավ ապահովել 2014թ. բյուջեով նախատեսած նույն ցուցանիշը: Այս պարագայում Տիգրան Սարգսյանի նման հրաժարական չի՞ տա նաև Հովիկ Աբրահամայնը: Չէ՞ որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ յուրաքանչյուր տարի պետք է ապահովել 7 տոկոս տնտեսական աճ: «Ոչ ոք չէր կարող նախապես կանխատեսել ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև աշխարհում գոյություն ունեցող գործընթացները: Ս.Սարգսյանն այդ խոսքերն ասել է այն ժամանակ, և այն ժամանակվա համար դա շատ տրամաբանական էր»,- ասաց Լ.Ալեքսանյանը:
Իսկ եթե Հ.Աբրահամյանը չկարողանա ապահովել 4,1 տոկոս աճը: «Սա այլ խնդիր է, ես կարծում եմ, որ կառավարությունն իր ասած թվերի համար պիտի պատասխանատվություն կրի»,- պատասխանեց պատգամավորը:
