Կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ կլինեն. Աշոտյան
Կառավարության կառուցվածքում տեղի կունենան փոփոխություններ: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Անուններ նա չտվեց՝ հորդորելով եւս մեկ օր սպասել եւ վաղը կառավարության նիստում ամեն ինչ պարզ կլինի: ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստում հավանություն է տրվել Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանին Վայոց ձորի մարզպետ նշանակելուն:
«Գործադիր մարմինը քննարկեց կուսակցության տարածքային կառույցների հետ կապված մի շարք խնդիրներ: Մենք հատուկ նշանակություն ենք տալիս տեղական ինքնակառավարման մարմիններից մինչև հանրապետական ընտրություններ ժողովրդի ազատ կամքի արտահայտության իրավունքին: Քննարկվել է նաև քաղաքական իրավիճակը, ինչպես նաև՝ խնդիրներ, որոնք կապված են Կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ»,-ասաց նա:
Անդրադառնալով Ազգային ժողովի ոչ իշխանական երեք ուժի գործունեությանը՝ Արմեն Աշոտյանը նկատեց, որ եռյակը Հայաստանի ներքաղաքական ներկապնակի մի մասն է ընդամենը:
