Կառավարությունը 797 ծառայողական մեքենա կկրճատի
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հայտնեց, որ կառավարությունը 797 ծառայողական մեքենա կկրճատի:
Պետության հաշվին երթեւեկելուց հատկապես կզրկվեն Ազգային անվտանգության եւ քննչական մարմիններից, ոստիկանության եւ փրկարար ծառայության աշխատակիցները: «Բյուջեից ուղղիղ ֆինանսավորվող մեքենաները կրճատվում են 107-ով, իսկ այդ մարմիններին ենթակա ՊՈԱԿ-ներում, փակ բաժնետիրական ընկերություններում եւ հիմնադրամներում կրճատվում են 690 ավտոմեքենա: Պետք է նշեմ, որ դրանց մի մասն օգտագործվում է հենց պետական մարմինների կողմից: Առաջարկում ենք ֆինանսների նախարարին հաջորդ կառավարության նիստում ներկայացնել որոշման նախագիծ, որում արտացոլված կլինի պետական բյուջեից ֆինանսավորվող պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների նշածս թվի նվազեցումը, ինչպես նաեւ կրճատված ավտոմեքենաների պահպանման ծախսերի նվազեցումը»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
