Կառավարությունը կմերժի ՕԵԿ-ի՝ Շիրակի մարզում արտոնություններ հաստատելու օրենքի նախագիծը
Կառավարության առաջիկա նիստին կներկայացվի «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Հեղինե Բիշարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շիրակի մարզի համայնքներում և Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագիծ:
Համաձայն նախագծի՝ առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի իրականացման գործունեությունից ստացված եկամուտները պետք է ազատվեն շրջանառության հարկից Գյումրի քաղաքի վարչական սահմաններում` 50 տոկոսի չափով, իսկ Շիրակի մարզի այլ համայնքների վարչական սահմաններում՝ ամբողջությամբ:
Ձեռնարկատերերը ազատվում են նաև ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված եկամտային հարկից և մի շարք այլ արտոնություններ:
Կառավարությունը իր եզրակացության մեջ նշում է, որ ողջունելի է համարում ներդրումային միջավայրի բարելավմանը և համայնքներում գործարար ակտիվության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները, սակայն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետության ներդրումային միջավայրի գրավչության պակասը բացառապես հարկային գործոնով պայմանավորելը հիմնավոր չէ, Կառավարության համար, մասնավորապես, անհասկանալի է, թե ինչու է արտոնությունները նախատեսվում միայն Շիրակի մարզի կամ Գյումրի քաղաքի համար, երբ ներդրումների ներգրավման խնդիրներ ունեն նաև, օրինակ Լոռու մարզը կամ Վայոց ձորի մարզը:
Առավել ևս, երբ Լոռու մարզը նույնպես համարվում է երկրաշարժից տուժած բնակավայրեր ունեցող մարզ: Ելնելով շարադրվածից, Հայաuտանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:
