Կառավարությունը մտադիր է ևս մեկ նոր կառույց ստեղծել
ՀՀ կառավարությունում մտադիր են ստեղծել ևս մեկ նոր կառույց, որը կզբաղվի պետական կայքերի պաշտպանության հարցերով: Այս մասին այսօր հայտարարվեց ԱԺ-ում հրավիրված «Կիբեռանվտանգության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում. սպառնալիքներ եւ մարտահրավերներ, արձագանքման և հակազդման մեխանիզմներ» թեմայով լսումների ժամանակ:
Ավելին, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի խոսքով՝ արդեն իսկ հաշվարկվել է, որ նոր կառույցի ստեղծման համար անհրաժեշտ կլինի 80 միլիոն դրամ:
«Փաստինֆո»-ի հարցին, թե տարածվելո՞ւ է արդյոք նոր կառույցի գործունեությունը նաև սոցիալական կայքերի վրա և չի՞ օգտագործվի արդյոք այն սոցիալական կայքերի նկատմամբ վերահսկողության նպատակով, փոխնախարարը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որովհետև նախ պետք է հստակեցվի լիազորություններն այդ մարմնի, բայց ամեն դեպքում դա ինչ մարմին էլ կլինի, ում ենթակայության տակ էլ լինի՝ կառավարության, ազգային անվտանգության, պաշտպանության, թե էկոնոմիկայի նախարարության, ամեն դեպքում դա կլինի մասնագիտական կառույց, որը ոչ թե վերահսկողական գործառույթներ կիրականացնի, այլ մեթոդական և իրազեկվածության խնդիր կլուծի և կօգնի ընդհանուր քաղաքականության մշակմանը»:
Սոցիալական կայքերի նկատմամբ հսկողության և անվտանգության ապահովման մասին հարցով դիմեցինք նաև տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանին, ով թեև հաստատեց այն իրողությունը, որ սոցիալական կայքերն այսօր չափազանց անապահով տիրույթ են համարվում, բայց և նշեց, որ դրանց անվտանգության ապահովման միայն երկու եղանակ կա:
«Կա՛մ դնել և փակել, ինչպես Չինաստանում է և ուղղակի թույլ չտալ, որ մարդիկ գրեն այն, ինչ ուզում են, այլ միայն այն, ինչ կարելի է, կա՛մ մարդկանց կրթել, օրինակ՝ ինչպես ԱՄՆ-ում են անում՝ անց են կացնում սոցցանցերի անվտանգության միամսյակ, մի ամիս մարդկանց, լավ իմաստով, գլուխները հարթուկում են, որ հասկանան, թե ինչ պրոբլեմներ կան»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Կառավարության ներկայացուցիչը՝ Էկոնոմիկայի փոխնախարարն էլ փարատեց Չինաստանի ճակատագրին արժանանալու մեր մտավախությունը:
«Կարծում եմ` մենք դեպի այդպիսի փակ տնտեսության չենք կարող գնալ, որովհետև մենք շատ ինտեգրման գործընթացներում ենք ներգրավված»,- ասաց Էմիլ Տարասյանը:
