Կառավարությունը, պարտք կուտակելով, ամրապնդում է իր դիրքերը. Կարեն Թումանյան
՛՛Կառավարությունը, պարտք կուտակելով, ամրապնդում է իր դիրքերը՛՛. Ինչպես տեսնում եք, առաջին հայացքից աբսուրդ թվացող այս արտահայտությունը իմ հերթական գրառման վերնագիրն է: Լինեմ անկեղծ, ինչպես կռահեցիք սա պատահական չէ, ես միտումնավոր ընտրեցի այն որպես վերնագիր: Եվ այսպես ինչո՞ւ:
Քիչ թե շատ նորմալ երկրներում արտաքին պարտքի տրամաբանական ավելացումը ոչ թե ողբերգություն է, այլ ինչու չէ չափանիշ, որը վկայում է այն մասին, թե ինչքան հեռանկարային ծրագրեր են մշակել երկրիդ գործադիր իշխանությունները: Սա նորմալ երկրներում, իսկ մեզ մո՞տ: Իսկ մեզ մոտ, այն ծախսվում է ոչ նպատակային, անարդյունավետ, գողացվում է, չարաշահման գործիքի է վերածվում և լի է ռիսկերով: Ինչպես կյանքն է ցույց տալիս, Հայաստանի դեպքում արտաքին վարկերը տնտեսության զարգացման տեսանկյունից եղել են խիստ անարդյունավետ, անիմաստ բարձացրել են պարտքի չափերը, գրեթե ոչ մի աշխատատեղ դրանց շնորհիվ չի բացվել, մի խոսքով փոշիացվել է, բացառությամբ մեկ երկու դեպքի, այն էլ՝ մասամբ: Հայաստանը համարյա 5 միլիարդ դոլարի արտաքին պարտք է կուտակել, սակայն այդ ամենի արդյունքում տնտեսությունը ընդամենը սողում է, ոչ թե՝ զարգանում:
Հ.Գ –Հանկարծակի հարց առաջացավ՝ իսկ պարտք կուտակողները միթե՞ չեն գիտակցում այսքանը: Սակայն պատասխանը երկար սպասել չտվեց. իհարկե գիտակցում են, քանի որ նրանք որպես կանոն լավ բիզնեսմեններ են, երբ իհարկե խոսքը վերաբերում է սեփական բիզնեսին: Հասկանում են, այն էլ ինչպես են հասկանում, ուղղակի այս ամենը իրենց ձեռք է տալիս, քանզի մեծ արտաքին պարտք ունենալը շատ ձեռնտու է իրենց, թեկուզ այն պարզ պատճառով, որ իրենց տեղը զբաղացնել ցանկացողների թիվն է քչանում: Այսինքն գործում է, ՛՛որ նորմալ կառավարիչը կցանկանա ժառանգել մի տնտեսություն, որը բացի պարտքերից ոչինչ չունի՛՛ սկզբունքը:
Ֆեյսբուքյան իր էջում գրում է Կարեն Թումանյանը
