Կարեն Ավագյանը չի հերքում հրդեհի փաստը
ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ղեկավար Կարեն Ավագյանը չի հերքում, որ հրդեհն անեծքի պես հետապնդում է իրեն: Այդ մասին այսօր՝նոյեմբերի 18-ին, Ազգային ժողովում լրագրողներին ասաց Կարեն Ավագյանը՝ անդրադառնալով երեկ Մարզահամերգային համալիրում բռնկված հրդեհին:
Նա ասաց, որ հրդեհը որևէ կապ չի ունեցել ուսանողության միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառման հետ, համերգից հետո է միջադեպը եղել: «Որևէ կապ չի ունեցել համերգի հետ այդ պատահարը, միջոցառումն սկսվել և ավարտվել է նախատեսված ժամին, բազմամարդ է եղել, և իրականում, եթե պաժառ եղել է, դա եղել է էն մարդկանց մոտ, ովքեր տեսել են, որ ՀՀԿ-ի երիտասարդական կուսակցությունը, երիտասարդական կազմակերպությունը ի վիճակի է հավաքել այնքան մարդ, որքան չեն կարող հավաքել աշխարհացունց միտինգներ կազմակերպողները»,- ասաց նա: Պատգամավորը չհերքեց այն դիտարկումը, որ հրդեհն անեծքի պես հետապնդում է իրենց՝ նշելով. «Միգուցե կարելի է ձեր ասածը հաշվի առնել, փորձենք տեսնենք դրա լուծումը որն է: Ո՞նց են անում, որ դրանից ազատվում են: Փառք Աստծո, այս անգամ հրդեհը չի հետապնդել Հանրապետական կուսակցությանը, միջոցառումն ավարտվել է, բայց մեր հետևից… Ընդհակառակը, եթե մեղքեր ունենայինք, ավելի վատ հետևանքներ կունենայինք, փառք Աստծո, վատ հետևանքներ չեղան»։
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 17-ին ուսանողների միջազգային օրը մարզահամերգային համալիրում տեղի ունեցող միջոցառման ժամանակ հրդեհ էր բռնկվել:
