Կարեն Դուրգարյանը պարգեւատրվել է Հայաստանի վարչապետի հուշամեդալով
Երաժշտարվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի եւ հայ մշակույթի հանրահռչակման համար Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով: Պարգեւը Կարեն Դուրգարյանին ՀՀ կառավարությունում հանձնել է անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը շնորհավորել է անվանի դիրիժորին արձանագրած ձեռքբերումների կապակցությամբ եւ մաղթել նորանոր հաջողություններ: Կարեն Դուրգարյանի գլխավորությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն ընթացիկ տարում հաջողությամբ մասնակցել է Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնում անցկացված «Սպիտակ գիշերների աստղերը» փառատոնին: Արդյունքում հրավեր է ստացվել մասնակցել նաեւ հաջորդ տարվա փառատոնին, որը կայանալու է 2014 թվականի մայիսին: Նախատեսվում է, որ փառատոնին Դուրգարյանի բեմադրությամբ կներկայացվի Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը եւ հայկական միջնադարյան երաժշտությունը: