Կարկուտը «անիծել» է Հովիկ Աբրահամյանի արտերի «հերը» (Video)
1in.am-ը գրում է. Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքը ևս տուժել է մայիսի 24-ին տեղացած կարկուտի հետևանքով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գյուղացիները նշեցին, որ կարկուտը չի խնայել ոչ խնձորի, ոչ սալորի, ոչ դեղձի ծառերը և ոչ էլ խաղողի վազները: Նրանց խոսքով՝ համատարած սպանդ է հատկապես դաշտերում. հեկտարներով բերքը զրոյացել է. «Կարկտակայան գոյություն ունի միայն Արազի ափին, էս վերևները չկա, դրա համար էլ կարկուտը էս կոմերն է խփել, մարդ կա տոննաներով բերք պիտի ստանար, հիմա չկա, մնալու ենք վարկերի տակ, ինչ անի տուժված գյուղացին»,- նշեցին համայնքի բնակիչները:
Նրանց խոսքով ՝ կառավարությունը այս իրավիճակում պարտավոր է մի շարք քայլեր ձեռնարկել, քայլերից մեկը պիտի լինի վարկերի ժամանակավոր սառեցումը, մինչև գյուղացին հաջորդ բերքի ժամանակահատվածում ի վիճակի կլինի վճարել:
Քաղցրաշենի բնակիչները նաև նկատեցին, որ իրենց և Նարեկ գյուղի մեջտեղն ընկած հատվածում հողատարածք ունի նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը. «Կարկուտը էնդեղ էլ ա խփել, վնասել, վարչապետը իրա դաշտն էլ փրկել չի կարողացել»,- ասացին գյուղացիները ՝ հավելելով, որ կարկուտի առաջ բոլորը հավասար են. բոլորի արտերի հերն անիծվել է:
