Կարո՞ղ է՝ 6 ամիս հետո էլ այս ներկայացրածը կրկին փոփոխեք. Միքայել Մելքումյան
ԱԺ արտահերթ նիստին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը բողոքեց առաջարկված ռեժիմից, որ երեք ժամում և՛ գրավոր առաջարկություն պետք է պատգամավորները ներկայացնեն, և՛ հանձնաժողովը եզրակացություն տա: Ըստ նրա՝ կարևորագույն օրենքների մասին կարևոր առաջարկներ ներկայացնելու համար դա տեխնիկապես անհնար է:
Բացի այդ, նա դժգոհեց, հարկային փոփոխված օրենսգիրքը դեռ չի մտել ուժի մեջ, կառավարությունն արմատական փոփոխություններով այն կրկին բերել է. «Կարո՞ղ է՝ 6 ամիս հետո էլ այս ներկայացրածը կրկին փոփոխեք, դրա համար պետք է լուրջ մտածել, նոր արմատական փոփոխություն անել»:
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ երբ ներկայացրին օրենսգիրքը, այն էական առաջընթաց էր պարունակում:
«Բայց դա չի նշանակում քարին գրված է: Ես երկիր չեմ տեսել, որ որևիցե առաջարկներ, նաև՝ բիզնեսից եկող, չպետք է ընդգրկել: Փաթեթից եկող առաջարկների մի մասը բիզնեսից են գալիս: Մենք առաջարկել ենք օրենքի փաթեթը, որ հստակ խաղի կանոններ սահմանվեն, բայց եթե պահ գա, որ կարող ենք բարելավել, պետք է բարելավվի»,-ասաց նա:
