«Կարող է այդ տվյալները Ժորիկը տվել է Հովիկ Աբրահամյանին». Էդմոն Մարուքյան
ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ վարչապետի ելույթի կադրերի արտահոսքն իրենց բերել է այն համոզմանը, որ կառավարությունը չունի կարողություններ՝ զգայուն ինֆորմացիան պահպանելու համար:
Իրենց խմբակցությունը հենց այդ հիմնավորմամբ էր դեմ մարդկանց տեղորոշման օրինագծին, որը հետո ընդունվեց: «Հիմա այդ պարետատանը, որ հազարավոր քաղաքացիների տեղորոշման տեղեկություններ են մշակվում, ի՞նչ իմանանք՝ ում ձեռքն են ընկնելու վաղը: Ի՞նչ իմանանք՝ ում դեմ է դա օգտագործվելու: Կամ թերթերը գրում են, որ վարչապետը պարետատնից Հովիկ Աբրահամյանի օգնական Ժորիկին դուրս է արել: Հիմա կարո՞ղ է Ժորիկն ունի այդ տեղեկությունները: Ես չգիտեմ՝ ով է Ժորիկը, որ դուրս է արել, բայց որ դուրս է արել, ուրեմն՝ պետք է եղել: Հիմա կարող է այդ տվյալները Ժորիկը տվել է Հովիկ Աբրահամյանին»,- ասաց պատգամավորը։
