Կասկադյորական ավտովթար Իսակովի պողոտայում.բախվել են Nissan-ը և Mercedes-ը
Այսօր՝ հուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում թիվ 167 էլեկտրասյան դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 20-ամյա Վերոնիկա Աբովյանի վարած Mercedes ML մակնիշի 34 CQ 869 համարանիշի և 19-ամյա Գարիկ Սարգսյանի վարած Nissan մակնիշի 34 CQ 399 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Բախումից հետո Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին և բարձրացել բաժանարար բետոնի վրա: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչ Արամ Կարապետյանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվել, սակայն 2 վարորդներն էլ հրաժարվել են ճանապարհային ոստիկանության և ԱՊՊԱ ծառայություններից: Mercedes-ը դժվարությամբ դուրս բերվեց բաժանարար բետոնի վրայից վերամբարձ կռունկի օգնությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
