Կատարված հանցագործությանը մասնակցությունն ապացուցված չէ. դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ
Փաստինֆոն գրում է. Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, ճանաչել ու հռչակել է ամբաստանյալ Տիգրան Մնոյանի անմեղությունը` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերով գողություն, առաջադրված մեղադրանքում: Տիգրան Մնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, և նա արդարացվել է` կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:
31-ամյա Տիգրան Մնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, վերացվել է, և նա անհապաղ ազատվել է դատական նիստի դահլիճում:
Տուժողի ներկայացուցչի քաղաքացիական հայցը` ամբաստանյալ Տիգրան Մնոյանից հօգուտ տուժող Դավիթ Սարգսյանի, որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում, 14.000 ԱՄՆ դոլարին համարժեք 5.704.860 ՀՀ դրամ գումար բռնագանձելու մասին, մերժվել է:
Դատարանն արձանագրել է, որ ըստ Տիգրան Մնոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքի, 2013թ. փետրվարի 22-ի՝ ժամը 20.00-ից մինչև փետրվարի 23-ի՝ ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, լինգի գործադրմամբ բացելով Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 1-ին նրբանցքի 1-ին շենքի բակում գտնվող, Դավիթ Սարգսյանին պատկանող ավտոտնակի դռները, ապօրինի մուտք է գործել այնտեղ և գաղտնի հափշտակել վերջինիս պատկանող, 1991թ. արտադրության, 1.450.000 ՀՀ դրամ արժողությամբ «Շեվրոլե Կապրիզ Կլասիկ» մակնիշի ավտոմեքենան, որով ուղևորվել է Արագածոտնի մարզի ուղղությամբ, ապա, տեսնելով ավտոմեքենայի մեջ եղած, առանձնապես խոշոր չափի` 5.704.860 ՀՀ դրամին համարժեք 14.000 ԱՄՆ դոլար գումարը և բջջային հեռախոսը, հափշտակել է դրանք, իսկ ավտոմեքենան թողել է Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում և հեռացել, որը հայտնաբերվել է նույն օրը նշված վայրում:
Նախաքննության մարմնի կողմից վկայակոչված, Տ.Մնոյանի մեղքը հաստատող ապացույցների վերլուծությունից երևում է, ըստ դատարանի, որ դրանցից միայն Տ.Մնոյանի նախաքննական սկզբնական երեք՝ 2013 թվականի մարտի 21-ի որպես կասկածյալ, 2013 թվականի մարտի 22-ի որպես մեղադրյալ և 2013 թվականի ապրիլի 30-ին առերեսման ժամանակ պնդած ցուցմունքները, ինչպես նաև քննչական փորձարարություն կատարելու մասին 2013թ. մարտի 22-ի արձանագրությունն են վերաբերում Տ.Մնոյանին վերագրվող գողությունը կատարելու հանգամանքին:
մանրամասները` սկզբնաղբյուրում
