Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնեությանը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն իր օծման և գահակալության 16-րդ տարեդարձի առիթով նոյեմբերի 9-ին ընդունել է Մայր Աթոռի պաշտոնեությանը: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպումն սկսվել է Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ողջույնի խոսքով: Սրբազանը, շնորհավորելով Ամենայն Հայոց Հայրապետին, մասնավորապես անդրադարձ է կատարել անցնող տարվա ընթացքում հոգևոր-եկեղեցական կյանքում արձանագրված հաջողություններին:
Հանուն Մայր Աթոռի պաշտոնեության շնորհավորանքի խոսք է ասել նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տպարանի տնօրեն Հարություն Գյումուշյանը: «Վեհափա՛ռ Տեր, այսօր այստեղ հավաքվել են մարդիկ, որոնց կյանքի մի զգալի ժամանակահատված միահյուսված է Մայր Աթոռի ընթացքի հետ, և մենք մշտապես տեսնում ենք, թե Դուք ինչպիսի ներշնչանքով, անկոտրում կամքով ու անխոնջ աշխատանքով ուղղորդում եք մեր Սուրբ Եկեղեցին: Ձեր նվիրումն ու եռանդը ոգեշնչում են մեզ, Վեհափա՛ռ Տեր, և մենք էլ, մեր հերթին, փորձում ենք թեկուզ և չնչին կերպով նպաստել այն եկեղեցաշեն ու ազգանվեր գործին, որ իրակ անացնում եք տարիների ընթացքում:
Գաղտնիք չէ, թե որքան կարևոր ծրագրեր եք կյանքի կոչել, թե՛ հոգևոր-կրթական ոլորտում, թե՛ եկեղեցական կյանքում, թե՛ Քույր Եկեղեցիների հետ հարաբերություններում, թե որքան հիմնարար հարցեր եք լուծել մեր Եկեղեցու ամրապնդման ու զորացման համար և՛ Սփյուռքում, և՛ հայրենիքում: Վստահաբար, պատմությունը Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետին կոչելու է` որպես եկեղեցաշեն և ազգանվեր Կաթողիկոս, որովհետև դեռ ժամանակի ընթացքում են վեր խոյանալու և պտուղ տալու այն ծրագրերը, որոնց սերմերն արդեն ցանված են այսօր»,-նշել է նա իր խոսքում` մաղթելով, որ Աստված ուժ և զորություն տա Նորին Սրբությանը` այս դժվարին ժամանակներում վառ պահելու քրիստոնեության ջահը և իր իմաստությամբ ու անսահման նվիրումով երկար տարիներ առաջնորդելու հայ ժողովրդին:
Այնուհետև Մայր Աթոռի աշխատակիցներին իր օրհնությունն է բերել Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:
Ուրախություն հայտնելով հանդիպման առիթով` Նորին Սրբությունը գոհունակությամբ նշել է, որ Մայր Աթոռի աշխատակիցները, երբեմն նաև մեծ զոհողությունների գնով, սիրով և հանձնառության ոգով իրենց ծառայությունն են բերում հայոց հոգևոր կենտրոնին` գիտակցելով, որ Մայր Աթոռը հայոց ազգի տունն է, պատիվը և դեմքը: «…Մեր ակնկալությունն է, որ մեր պաշտոնեությունը շարունակի նույն նախանձախնդրությամբ ու նվիրումով իր ծառայությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փառքի և պայծառության համար:
Ցանկանում ենք բարձր գնահատանքի արժանացնել բոլորիդ աշխատանքը. նվիրյալ ոգով ու սրտով դուք ձեր ծառայությունն եք մատուցում: Այն, ինչ որ իրագործվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ողջ աշխատակազմի ձեռքբերումն է: Հավաքական, մեր բոլորիս համատեղ աշխատանքի արդյունքն է այն, ինչ որ մենք արձանագրում ենք որպես հաջողություն: Յուրաքանչյուր աշխատակից իր նվիրյալ ջանքերով է ապահովում այս հաստատության առաջընթացը, և մենք մեծապես ուրախ ենք և բարձրորեն գնահատում ենք», - ասել է Վեհափառ Հայրապետը:
Հանդիպումն ավարտվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով:
