Կայացել է «Ավելի մաքուր Երեւան» խորագրով քաղաքային տնտեսության էքսպո ցուցահանդես
«էրեբունի-Երևան 2795» տոնակատարության շրջանակում Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Բուզանդ փողոցների միջանկյալ հատվածում կազմակերպվել է «Ավելի մաքուր Երևան» խորագրով քաղաքային տնտեսության էքսպո ցուցահանդես: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։ Միջոցառմանը ներկայացվել են 2013 թվականին Երևան քաղաքում ներդրված և առաջիկայում ներդրվելիք նորարարությունները: Էքսպոյին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության կառույցները, ինչպես նաև որոշ մասնավոր ընկերություններ: Առանձին տաղավարներով ցուցադրվել են մայրաքաղաքի արտաքին ձևավորման և գովազդի, կառավարման տեխնոլոգիաների, ճարտարապետության և մի շարք այլ ոլորտներում կատարված նորարարական աշխատանքները: Մասնավորապես, ներկայացվել են էլեկտրոնային չվացուցակի համակարգի սարքավորումները, գովազդային նոր՝ քաղաքային չափերին համապատասխանող վահանակները, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված տրոլեյբուսը և այլ հետաքրքիր ցուցանմուշներ: Կազմակերպիչները փաստել են, որ էքսպոն լավ հնարավորություն է հանրությանը ևս մեկ անգամ ներկայացնելու ընթացիկ տարվա ձեռքբերումները: Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներին ծանոթանալու էին շտապել դպրոցականներ, երիտասարդներ, նաև՝ օտարերկրացի հյուրեր:
