Կայացել է Նոր Հալեպի կառուցման նպատակով նվիրաբերված նկարների ցուցահանդես-վաճառքը
Հայաստանի նկարիչների միությունում հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության եւ Հայաստանի նկարիչների միության համատեղ կազմակերպած մրցանակաբաշխությանը ներկայացված կերպարվեստի լավագույն ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը: Այս մասին տեղեկացնում է Սփյուռքի նախարարությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, փոխնախագահներ Վլադիմիր Աղայանը եւ Արամ Սարգսյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Ցուցահանդեսին ներկայացված է շուրջ 300 ստեղծագործություն: Ցուցահանդեսի արդյունքների ամփոփման նպատակով ստեղծված հանձնաժողովը կորոշի լավագույններին: Սիրիահայերի համար Նոր Հալեպ թաղամասի կառուցման նպատակով հայ նկարիչների նվիրաբերած նկարների վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի այդ նպատակով ստեղծված ֆոնդին: