Կայարանցի Թևոսիկի եղբորը «սպանած» Մոսոն անաղմո՞ւկ է սպանվել. դատարանում նոր հանգամանքներ են պարզվում
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց քրեական աշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով հերթական դատական նիստը:
Այսօրվա նիստում ցուցմունք տվեցին մի խումբ վկաներ, այդ թվում` նախաքննության ընթացքում որպես ընթերակա ներգրավված Սերժիկ Կիրակոսյանը: Նա, ով իր նախաքննական ցուցմունքում հայտնել էր, որ ՀՀ ոստիկանությունում նախորդ տարվա փետրվարին մասնակցել է մի անձի խուզարկության, ում անունը Իսրայել է եղել, դատարանում հայտնեց, որ չգիտի, թե ինչի համար են իրեն հրավիրել դատարան, ավելին` չի հիշում` իրեն ինչ-որ գործո՞վ կանչել են ոստիկանություն, թե՞ ոչ: Նա իր նախաքննական ցուցմունքում նշել էր, որ խուզարկվողի մոտից հայտնաբերվել են դրամապանակ, հեռախոս, գոտկատեղին դրված ատրճանակ, հայտնաբերվածը փաթեթավորվել է, ինքը չի տեսել, որ Իսրայելի վրա ինչ-որ մեկն ատրճանակ դնի, այն եղել է նրա գոտկատեղին: Վկան դատարանում հաստատեց, որ գրվածն իր ձեռագիրն է, սակայն թե ի՞նչ հանգամանքներում է գրել և ե՞րբ, այդպես էլ չմտաբերեց:
Այս կապակցությամբ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանը նշեց, որ այս ամենը ոստիկանության սխալ աշխատանքի արդյունքն է: «Իսրայել Սարգսյանը ձերբակալվել է Մաշտոցի փողոցի շուկայի դիմացից, շատ ժամանակ անց միայն ընթերակա են բերում, ավելացնում»,- ասաց նա:
Վկաներից Վլադիմիր Ղազարյանն էլ հայտնեց, որ Իսրայելն իր տղայի հարսանիքի քավորն է, և ինքն ու Իսրայելին ճանաչողները չեն հավատում, որ նա նման բան արած լինի: Նա նշեց, որ ճանաչում է նաև Մովսես Ներսիսյանին, ում հետ, սակայն, սովորական հարաբերություններ է ունեցել և ճանաչել է` որպես համագյուղացու:
մանրամասները՝yerkir.am-ում
