Կայարանի շուկան բացվեց
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Վիկտոր Ռեբեցի և պաշտոնատար այլ անձանց հետ ներկա է գտնվել «Կայարանի շուկայի» բացման հանդիսավոր արարողությանը: Այն կառուցվել է «Սասունցի Դավիթ» կայարանի հարևանությամբ նախկինում գործող շուկայի տեղում, որը շուրջ 20 տարի համարվում էր Երևանում գործող գյուղմթերքի ամենամատչելի շուկան:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենի ուղեկցությամբ Երևանի քաղաքապետը շրջել և ծանոթացել է շուկայի պայմաններին, զրուցել գյուղմթերք վաճառողների, ինչպես նաև գնորդների հետ: Օգտվելով առիթից՝ ինչպես վաճառողները, այնպես էլ գնորդներն իրենց գոհունակությունն են հայտնել շուկայում ստեղծված հարմարավետ պայմանների համար: Տարոն Մարգարյանին ներկայացնելով կատարած աշխատանքը՝ Վիկտոր Ռեբեցը նշել է, որ շուկան հիմնովին կառուցվել է եվրոպական չափանիշներին համապատասխան, նաև ընդգծել է, որ դա լրացուցիչ որևէ ազդեցություն չի կարող ունենալ վաճառվող գյուղմթերքի գների թանկացման վրա: Ընդհանուր առմամբ կատարվել է շուրջ 800 մլն դրամի ներդրում, ապահովվել են հիմնական 250 աշխատատեղեր, որոնք կավելանան շուկայի ընդլայնման հետ մեկտեղ:
