Կենաց-մահու պայքար երկրորդը լինելու համար
Lragir.am-ը գրում է .
Սահմանադրության փոփոխությամբ խորհրդարանի ընտրության այնպիսի մեխանիզմ է նախատեսված, որ հնարավոր է երկրորդ փուլ՝ երկու ամենաշատ ձայն հավաքած կուսակցությունների մասնակցությամբ: Այսինքն, եթե չի ձեւավորվում «կայուն մեծամասնություն», ապա լինում է երկրորդ փուլ, եւ դրան մասնակցում են երկու ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությունները:
Այս մեխանիզմը բավական հետաքրքիր է այն առումով, որ կուսակցություններին լիակատար կախման մեջ է գցում իշխող կուսակցությունից, քանի որ համարվում է, որ այդ կուսակցությունը սահմանադրության փոփոխությամբ իր համար ապահովել է մշտական առաջին տեղը: Եթե նա ցանկանա հավաքել «կայուն մեծամասնություն», ապա մի քանի կուսակցություն կարող են հայտնվել խորհրդարանում: Իսկ եթե չցանկանա, կարող է «ընտրել» մեկ կուսակցություն եւ անցկացնել:
Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաեւ հայկական կուսակցությունների առեւտրային բնույթը, կարելի է պատկերացնել, թե ինչ վիճակում են նրանք հայտնվել եւ առեւտրային ինչ աժիոտաժ է սպասվում այսպես կոչված ներքաղաքական կյանքում:
Դրանց նախանշաններն արդեն կան: Առաջին հերթին, բնականաբար, առեւտուրն ընթանալու է երկրորդը լինելու համար, որը երաշխիք է խորհրդարանում հայտնվելու համար: Նախկինում կար հաստիքային երկրորդը՝ ԲՀԿ-ն, սակայն փետրվարի 12-ին այս կուսակցությունն ու նրա առաջնորդած եռյակը ցրվեց:
Ներկայում ընթանում է ԲՀԿ-ի «լուծարման» երկրորդ փուլը: Դրա մի մասի հովանավորությունը ստանձնել է Հովիկ Աբրահամյանը, ով, ըստ մամուլի հրապարակումների, անում է ամեն ինչ, որպեսզի ԲՀԿ-ն մնա քաղաքական դաշտում՝ որպես երկրորդ քաղաքական ուժ: (Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ ղեկավարներից է եւ աշխատում է ԲՀԿ-ի համար՝ սա որեւէ նորմալ երկրում կհամարվեր առնվազն անհեթեթություն, բայց ոչ Հայաստանում): Այդ նպատակով ակտիվ «գույքագրում» է կատարվում՝ հասկանալու համար, թե ինչ է մնացել ԲՀԿ-ից, մասնավորապես մարզերում:
ԲՀԿ-ի մեկ այլ մասը, կամ այսպես կոչված «քոչարյանական թեւը», մտադիր է ստեղծել նոր կուսակցություն: ԲՀԿ-ն ըստ էության Քոչարյանի կուսակցությունը չէր, այն այսպես կոչված «ֆրակցիոնիստական» կոնգլոմերատ էր, որտեղ կային տարբեր խմբավորումների շահեր ու ներկայություն: Իշխանության մեջ տեղ ու այդպիսով որոշակի երաշխիքներ ունենալու համար այս խմբավորումը պետք է ստեղծի իր կուսակցությունը, քանի որ փետրվարի 12-ից հետո թիկունքը «մերկացել» է:
Երկրորդ տեղին հավակնում են նաեւ ՕԵԿ-ը, որը վերակազմավորվել է Հայկական վերածնունդ շարժման, եւ բնականաբար ՀՅ Դաշնակցությունը, որը վերջին շրջանում ստանձնել է Սերժ Սարգսյանի ծրագրերի «պրովայդերի» դերը: ՕԵԿ-ը ներգրավել է մի շարք սոցիալական խմբերի, այդ թվում ԲՀԿ-ից զգալի զանգված, իսկ ՀՅԴ-ն հույս ունի իր այդ ծառայության դիմաց ստանալ պատկառելի ներկայություն պետական կառավարման համակարգում:
Ասում են, ՀՅԴ-ն անակնկալի է եկել Սահմանադրության առաջին 7 գլուխների հրապարակումից հետո, մասնավորապես իշխանության ձեւավորման առաջարկվող մեխանիզմից: Ըստ ամենայնի, ոչ միայն ՀՅԴ-ն, այլեւ շատերն են անակնկալի եկել, այդ թվում՝ ՀՀԿ-ում:
Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանին, ապա նա խաղի ու մանեւրի լայն հնարավորություն է ստեղծել իր համար, հաշվի առնելով ներքաղաքական իրողությունները: Նա կուսակցություններին թողել է կամ հեղափոխության, կամ էլ իր հետ պայմանավորվելու «երկընտրանքը»:
