Կեղտոտ քաղաքականություն շարքից. ԱՄՆ-ն չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի ասում «ցեղասպանություն» բառը, որովհետեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնում է իրեն:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուս-եվրասիական հետազոտությունների «Դեվիս» կենտրոնի գիտաշխատող Ջեք Փորթերը:
«Նույնիսկ Իսրայելը չի ասում «Ցեղասպանություն» բառը, որովհետեւ Թուրքիան ասում է՝ դու մեր կարիքն ունես: Սա քաղաքականություն է: ԱՄՆ-ին նույնպես Էրդողանը վախեցնում է, թե վերջ կտան իրենց բազաներին»,- ասել է Ջեք Փորթերը:
Փորթերի խոսքով՝ ինքը Թուրքիայում 10 օր է անցկացրել եւ ցանկություն է ունեցել՝ այցելելու Էրդողանին եւ ասելու, որ խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու համար պետք է ճանաչես Հայոց ցեղասպանությունը. «Ուզում էի նրան նաեւ ասել, որ Քուրդիստանի բանվորական կուսակցության եւ Լեռնային Ղարաբաղի համար պետք է լուծում գտնես: Ես սա նրան մի օր ասելու եմ: Ինձ թվում է նաեւ, որ այս հարցում ԱՄՆ-ում բնակվող մեկն էլ է պետք, որը կաշկանդված չի լինի եւ կասի ինչ որ պետք է»:
Գիտնականի կարծիքով՝ հայերն այս առումով պետք է առավել ճկուն լինեն, դիվանագիտական հարաբերություններ հաստատեն, քանի որ Թուրքիայում շատ երիտասարդներ կան, որոնք պատրաստ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
