Կկազմակերպվեն վավերագրական ֆիլմերի մարզային փառատոններ
Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՀՀ 5 մարզերում կկազմակերպվեն վավերագրական ֆիլմերի «CAUCADOC-ն ու Ոսկե Ծիրանն անիվների վրա» վավերագրական ֆիլմերի փառատոններ: Փառատոնների ընթացքում կցուցադրվեն միջազգային և տեղական վավերագրական ֆիլմեր ընտրված <Մեկ աշխարհ> և <Ոսկե Ծիրան> միջազգային կինոփառատոններ ֆիլմացանկից: Բոլոր ֆիլմերը հայերեն կրկնօրինակմաբ են և անդրադառնում են միգրացիայի, մարդու իրավունքների, քաղաքական վարչակարգերի և հարակից այլ թեմաների: 3-4 օր տևողությամբ փառատոնների ընթացքում ցուցադրված յուրաքանչյուր ֆիլմին կհաջորդի ֆիլմում արծարծված թեմայի շուրջ քննարկում՝ հրավիրված փորձագետների և մասնագետների ներկայացությամբ: «Մարզային փառատոններն արդեն երկրորդ անգամ են կազմակերպվում: Գարնանն անցացված փառատոնների փորձից հասկացանք, թե որքան արդյունավետ է հեռավոր մարզերում վավերագրական ֆիլմերի ցուցադրումը, և ֆիլմին հաջորդող քննարկումների անցկացումը» - նշեց CAUCADOC ծրագրի պատասխանատու՝ Շարկա Զահրադնիկովան: Հայաստանում մարզային փառատոնները կանցկացվեն հինգ մարզերում: Մասնավորապես Վայոց Ձորի մարզում՝ հոկտեմբերի 20-23-ը, Սյունիքում՝ հոկտեմբերի 22-24-ը, Շիրակում՝ նոյեմբերի 8-10-ը, Լոռիում՝ նոյեմբերի 12-14-ը, Տավուշում՝ նոյեմբերի 15-17-ը: Փառատոնների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել www.caucadoc.com վեբ կայքը: