Կնոջը մետաղյա շերեփով ծեծած ամուսինը դատապարտվել է տուգանքի
Փաստինֆոն գրում է. Տունը չմաքրելու համար կնոջը մետաղյա շերեփով ծեծած ամուսինը դատապարտվել է 80 000 ՀՀ դրամի չափով տուգանքի:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Արարատի մարզի բնակիչ, 40-ամյա Արթուրը տանը մաքրություն չկատարելու հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ դիտավորությամբ ձեռքերով հարվածել է կնոջ գլխին և դեմքին, այնուհետև խոհանոցային մետաղյա շերեփով հարվածել է կնոջ գլխի գագաթային հատվածին:
Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ կնոջ առողջությանը պատճառվել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող գլխի սալջարդ վերքի ձևով մարմնական վնասվածք:
Իսկ Արթուրին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրեսգրքի 118-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Մինչև դատաքննությունն սկսելն ամբաստանյալը միջնորդել է գործն արագացված կարգով քննել և հայտարարել, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, որի հետ ինքը համաձայն է:
Դատարանն ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանք է հաշվի առել այն, որ նա բնութագրվում է դրական, նախկինում դատված չի եղել, խնամքի տակ է գտնվում կենսաթոշակառու մայրը, իսկ ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք՝ անկեղծորեն զղջալը կատարածի համար:
Տուժող կինը դատական նիստի ընթացքում հայտնել է, որ չի հաշտվել ամուսնու հետ և ցանկանում է, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության:
