Կնոջը ստիպել է ասել, իբր տաքսու մեջ սեքսուալ բռնի գործողություն է կատարվել իր հետ
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ավարտվել է Մաշա Գ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը: 30-ամյա Մաշան, ըստ մեղադրանքի, սուտ մատնություն էր կատարել, թե տաքսու վարորդ Արտուշը իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով՝ իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել: Մաշային մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Մաշան իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ 2004 թվականից ամուսնական հարաբերությունների մեջ է եղել Գեղարքունիքի մարզի բնակիչ Վարդան Գ.-ի հետ: 2015 թվականի հունիսի 24-ին ինքը մենակ տաքսի է նստել ու Վանաձորի Բազում թաղամասից գնացել է Խնձորուտ թաղամասում գտնվող «Մոնակո» խաղատան մոտ: Ճանապարհին ինքն իրեն ազատ է պահել՝ շրթներկ է քսել, ծխել է, ծխախոտ է հյուրասիրել վարորդին: Երբ հասել են խաղատան մոտ, տաքսիստը իր թույլտվությամբ համբուրել է իրեն ու շոշափել է իր կուրծքը: Բայց հետո ինքը տաքսիստին ասել է, թե դրանից ավելին թույլ չի տա, ինքը անբարոյական չէ: Տաքսու վարորդն իրեն է տվել հեռախոսահամար, որ տաքսի հարկավոր լինելու դեպքում ինքը զանգի նրան: Նույն օրը ինքը ամուսնուն պատմել է, որ տաքսիստ Արտուշը համբուրել է իրեն: Հաջորդ օրը՝ հունիսի 25-ին, ամուսինը Ծովագյուղ գնալու համար տաքսի է ցանկացել կանչել: Նա իրենից պահանջել է, որ ինքը զանգի հենց տաքսիստ Արտուշին: Ինքը առավոտյան ժամը 9-ն անց 30-ին կանչել է տաքսիստին: Նրա մեքենայով ինքն ու ամուսինը մեկնել են Ծովագյուղ: Այնտեղ ամուսինը՝ Վարդանը, ագրեսիվ տոնով տաքսիստին հարցրել է, թե նա ինչո՞ւ է համբուրել իր կնոջը: Զայրացել է, թե կինը նրա պատճառով ուշացել է Թուրքիայից եկող ավտոբուսից, չի հասցրել մոր ուղարկած գումարը ստանալ: Վարդանը սպառնացել է տաքսիստին գցել Սևանա լիճը՝ «ձկներին կեր դարձնել»: Ապա նրանից պահանջել է 100 հազար դրամ, հակառակ դեպքում սպառնացել է, թե ոստիկանությունում բողոք կներկայացնեն, որ տաքսիստը բռնաբարել է ուղևորուհուն: Ինքը ցանկացել է միջամտել խոսակցությանը, ասել, որ տաքսիստը մեղք չունի, բայց ամուսինն իրեն ասել է. «Տեղդ վեր ընկի, թե չէ կսատկացնեմ»:
Ինքը վախեցել ու լռել է: Տաքսիստն ասել է, թե հարյուր հազար դրամ չունի: Վարդանը նրանից պահանջել է 50 հազար դրամ: Տաքսիստն ասել է, թե այդ գումարը ևս չունի, բայց համաձայնել է այն տալ: Նա զանգել է որդուն, վերջինս Մարգահովիտ գյուղի մոտ Վարդանին է տվել 25 հազար դրամ: Հաջորդ օրը՝ հունիսի 26-ին, ամուսինն իրեն ասել է, թե տաքսիստը ևս 25 հազար դրամ պիտի վճարի: Նա պահանջել է, որ ինքը գնա հյուրանոցի մոտ: Ինքը գնացել է, տաքսիստից վերցրել է այդ գումարը, ապա արհեստական լճերի տարածքում գումարը հանձնել է ամուսնուն: Մյուս օրը՝ հունիսի 27-ին, Վարդանն ասել է, թե տաքսիստը 50 հազար դրամ էլ պիտի տա: Տաքսիստը, սակայն, հրաժարվել է այդ գումարը տալուց: Վարդանն իրեն ստիպել է, որ ինքը ոստիկանությունում սուտ հաղորդում տա, թե տաքսու վարորդը մեքենայի մեջ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր նկատմամբ: Ինքը ամուսնու սպառնալիքներից վախեցել ու ոստիկանությունում սուտ հաղորդում է տվել վախից: 2015 թվականի հուլիսի 9-ին իր ամուսին Վարդանը մահացել է: Ինքը որոշել է ճիշտը պատմել, մի քանի օր հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Կատարածի համար զղջում է, խնդրում է ներել իրեն: Դատարանում Մաշան հայտնել է, որ Արտուշի մեքենան առաջին անգամ նստելով՝ ներկայացել է կեղծ՝ Լուսինե անունով: Տաքսիստն իր այտը համբուրել է իր թույլտվությամբ: Մաշան նշել է, թե ինքը հանցավոր արարքը կատարել է ամուսնու ստիպելով, նրա սպառնալիքներից վախենալով: Ինքը միշտ վախեցել է ամուսնուց, մի քանի անգամ փորձել է հեռանալ նրանից, անգամ մեկնել է մոր մոտ՝ Թուրքիա, բայց Վարդանը գնացել է իր քրոջ տուն, անհանգստացրել է նրան, փորձել է վնասել եղբորը… Վարդանն իրեն վախեցնում էր, թե ոստիկանությունում մտերիմներ ունի, ոչնչից չի վախենում… Ամբաստանյալի ամուսին Վարդանի նկատմամբ շորթման մեղադրանքով քրեական հետապնդում չի իրականացվել՝ նրա մահվան կապակցությամբ… Տուժողը հայտնել է, որ ուղևորուհու թույլտվությամբ է համբուրել նրան ու ձեռք տվել կրծքին: Հաջորդ օրը նույն ուղևորուհին զանգել, կանչել է իրեն: Նա մի տղամարդու հետ է եղել: Ինքը նրանց տարել է Ծովագյուղ, որտեղ տղամարդը ագրեսիվ տոնով հարցրել է, թե ինչո՞ւ է համբուրել կնոջը: Ինքը ներողություն է խնդրել, բայց նա չի ընդունել, իրեն ասել է. «Քեզ բերել ենք ստեղ, որ գցենք լիճը, սպանենք, ձկներին փայ դարձնենք»:
Երբ Վարդանն իրենից գումար է պահանջել, կինը միջամտել է, ասել է՝ լավ, մեղք ա, տաքսիստ մարդ ա: Այդ խոսքերից հետո Վարդանը 100 հազար դրամի փոխարեն 50 հազար դրամ է պահանջել իրենից: Ինքը վախենալով սպառնալիքներից՝ համաձայնել է այդ գումարը տալ, բայց խնդրել է, որ մաս-մաս վճարի: Զանգել է որդուն, ասել է՝ իբր մեքենայով կենդանու է հարվածել, վնասը վերականգնելու համար պարտքով 25 հազար դրամ է խնդրել: Որդին այդ փողը բերել, տվել է Վարդանին ու հեռացել է: Հաջորդ օրը ինքը Մաշայի միջոցով Վարդանին է ուղարկել ևս 25 հազար դրամ: Բայց գիշերը Վարդանը նորից զանգել ու պահանջել է 50 հազար դրամ էլ վճարել: Ինքը հրաժարվել է ու անջատել է հեռախոսը: Հունիսի 27-ին իմացել է, որ Մաշան ոստիկանությունում սուտ հաղորդում է տվել՝ իբր ինքը մեքենայի մեջ նրա նկատմամբ բռնի անառակաբարո գործողություններ է կատարել… Սուտ հաղորդում տալուց հետո Վարդանն ընդամենը 13 օր էր ապրել՝ հուլիսի 9-ին նա կնքել էր իր մահկանացուն… Դատարանը Մաշա Գ.-ին մեղավոր է ճանաչել սուտ մատնության համար, դատապարտել է 1 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառել ու սահմանել է 1 տարի փորձաշրջան:
