Կոչ եմ անում գյումրեցիներին չառաջնորդվել էմոցիաներով
Ավետիսյանների ընտանիքի սպանդի արդյունքում Գյուրիում առաջացած լարված իրավիճակը հանդարտեցնելու համար այսօր՝ հունվարի 19-ին, Շիրակի մարզպետ Ֆելքիս Ցոլակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ գյումրեցիներին կոչ արեց չտրվել էմոցիաներին եւ քաղաքում շրջանառվող վարկածները հիմք չընդունել:
«Ես հույս ունեմ եւ կոչ եմ անում գյումրեցիներին չառաջնորդվել էմոցիաներով, քանի որ թե մեր իրավապահները, թե ռուս իրավապահները գործը բացահայտելու համար ամեն ինչ անում են: Էլ ավելի իրավիճակը սրել պետք չէ: Պետք չէ զոհ գնալ էմոցիաներին: Չի կարելի մի ճիվաղի պատճառով սեպ խրել երկու երկրների միջեւ: Վարկածներին հավատալ պետք չէ, այլ պետք է թողնել հետաքննությունը պարզի, թե ինչ է տեղի ունեցել»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը՝ նշելով, որ բոլորի խնդիրը այս պահին պարզելն է, թե Ավետիսյանների ընտանիքը ինչու է սպանվել:
Շիրակի մարզպետի խոսքով, Գյումրիում հունվարի 15-ին ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ տեղի ունեցած բախման արդյունքում 33 անձանց վիրավորելու պատասխանատուները անպայման կպատժվեն:
«Հավատացած եղեք պատասխանատվությունից ոչ ոք չի խուսափի: Պատասխանատվության կենթարկվեն այն քաղաքացիները, որոնք դիմել են անօրինական քայլերի, կա նաեւ մեկ ոստիկան, որը վիրահատվել է, եւ դրա համար պետք է եւս պատասխան կրեն մեղավորները: Ես այսօր իմացա, որ տուժած ոստիկանների թիվը 5-ով ավելացել է, որոնք ստացել են ամբուլատոր բուժում եւ դուրս գրվել»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը՝ նշելով, որ հիմա Գյումրիում համեմատաբար հանդարտ է:
