Կոչ եմ անում տարաբնույթ զառանցանքներով լրագրողական բոսյակություն չցուցաբերել. Ա. Ավետիսյան
ՀՀԿ երիտթևի անդամ Արման Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Անդրադառնալով հոդվածագիր Արտակ Հակոբյանի զառանցանքին, իբր Աշոտ Աղաբաբյանը ֆեոդալ է, հիմնվելով վերջինիս կողմից արված հայտարարությանը, այն է թե` «Քոչարյանի ժամանակ երկրում հաստատվել է ֆեոդալական համակարգ», ապա եկեք հիշենք, որ ժամանակին դա եղել է հենց Ռոբերտ Քոչարյանի արած հայտարարությունը, որով նա բնորոշել է երկրում տիրող իրավիճակը, իսկ Աղաբաբյանի տեսակետը եղել է հետևյալը` եթե ֆեոդալական համակարգը կնպաստի պետությանն ու ժողովրդին, ապա այդպես էլ թող լինի:
Ժամանակին, «Հրազդան Կենտրոնական Մարզադաշտ»-ը Աշոտ Աղաբաբյանին չի հատկացվել որպես ֆեոդալական կալվածք, այլ հատկացվել է, որպեսզի նա կարողանա միջոցներ ստեղծի և դրանք ուղղի մարզադաշտի պահպանմանը, արդիականացմանն ու շահագործմանը, քանի որ պետությունն ու իշխանությունները չէին ցանկանում մարզադաշտը պահելով պետական հաշվեկշռում, հսկայական գումարներ հատկացնին մարզադաշտի համար, նպատակահարմար համարելով այդ գումարները օգտագործել այլ նպատակներով: Իսկ նա, որպես սեփականատեր, մշտապես հետևողական ու նպատակամղված է եղել և մնում մարզադաշտի հետ կապված ցանկացած հարցում:
Հիշենք, թե ինչ վիճակից, ինչ դարձրեց: Իր ստանալու պահին ոչ նորմալ խոտածածկ կար, ոչ տրիբունա, ոչ նստատեղ, ոչ էլ ենթակա էր շահագործման: Իսկ նրա ջանքերով մարզադաշտն իր ենթակառուցվածքներով ու ծավալով կարգի բերվեց, արդիականացվեց և դարձավ շահագործման պատրաստ կառույց:
Հարակից տարածքում ստեղծված տոնավաճառի և մյուս բիզնես նախաձեռնությունների եկամուտը նա ներդրել է մարզադաշտի վերանորոգման, պահպանման և շահագործման աշխատանքներում, նույնիսկ այդ նպատակով 4 միլիոն դոլար վարկ է վերցվել, որպեսզի «Հրազդան Կենտրոնական Մարզադաշտ»-ը Հայաստան-Թուրքիա պատմական խաղը կարողանա ընդունի և անցկացնի իր հարկի տակ:
Հաշվի առնելով պատուհասած դժվարությունները` չհիմնավորված հարկային խոշոր տուգանքներն ու սննկացմումը, ներկայումս Աղաբաբյանը լուծումներ է փնտրում և անում հնարավոր ամեն բան, արդարության հասնելու և մարզադաշտը այդ ծանր իրավիճակից դուրս բերելու ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետական Կուսակցության մասին, ուզում եմ հոդվածագրին տեղեկացնել, որ 1989թ. վերջերին Աշոտ Նավասարդյանի, Աշոտ Աղաբաբյանի, Մովսես Գորգիսյանի և այլոց նախաձեռնությամբ ստեղծվել է «Անկախության բանակ, կամավորական աշխարհազորային ռազմաքաղաքական միավորում»-ը, որը ունեցել է 1000-ից ավել անդամներ և դարձել է Հայաստանի Հանրապետական Կուսակցության հիմնադրման հենասյունը: Որի թե հրամանատարները և թե անդամները լինելով բարձրագույն կրթությամբ հայրենանվեր տղաներ, իրենց զգալի ավանդն ունեն Ղարաբաղյան պատերազմի և Հայաստանի անկախ պետականության ձևավորման գործում, իսկ քո նշած մեկ «Ժիգուլու» մեջ, այդ ժամանակ ՀՀՇ-ի ջոկատներն էին տեղավորվում:
Հանրապետական Կուսակցությունը միշտ եղել է զորեղ ուժ և այդպես էլ կմնա: Իսկ Աշոտ Աղաբաբյանը հանդիսանալով Հայաստանի Հանրապետական Կուսակցության հիմնադիրներից մեկը, երբեք հետ չի կանգնի իր կուսակցությունից, քանի որ կուսակցության կայացման գործում մեծ է նաև իր ահառելի ներդրումը:
Ով էլ չգիտի, կամ լավ չի հիշում, ասեմ ու հիշեցնեմ, որ ՀՀԿ-ի հիմնադրման օրվանից սկսած, բավական երկար ժամանակ, նա եղել է ֆինանսավորման եթե ոչ միակ, ապա գլխավոր դոնորը: Իսկ ներկայումս, ոչ վաղ անցյալում որոշակի լծակներ ստանձնած պաշտոնյաների կամայականությունների և անարդարության պատճառով հայտնվել է ոչ ցանկալի իրավիճակում:
Ես` ինքս հանդիսանալով ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամ, Անկախության Բանակի շարքերում Նավասարդյանի և Աղաբաբյանի հրամանատարությամբ կռվող ազատամարտիկի, հետագայում նաև ՀՀԿ հիմնադիր կազմի անդամներից մեկի որդին, ավելի քաջատեղյակ եմ թե ով` ով է, ինչ պայմաններում են ստեղծվել Անկախության Բանակն ու ՀՀԿ-ն, ինչ ճանապարհ են անցել և ուր են գնում: Ուստի, կոչ եմ անում տարաբնույթ զառանցանքներով լրագրողական բոսյակություն չցուցաբերել......»:
