«Կոմիտաս Վարդապետ» փառատոնի մասնակիցներն այցելել են Կոմիտասի անվան պանթեոն
«Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնի մասնակիցներն այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Միջոցառմանը մասնակցել են փառատոնի գեղարվեստական խորհրդի անդամներ՝ ՀՀ ժողովրդական արտիստներ Տիգրան Մանսուրյանը, Հայաստանի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը, փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը, փառատոնին մասնակցող երգչախմբեր, անհատ կատարողներ, կոմիտասյան արվեստի երկրպագուներ: Մասնակիցները ծաղիկներ են դրել և խնկարկել Մեծն Կոմիտասի շիրիմին: Առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Շահե քահանա Հայրապետյանը հոգեհանգստի կարգ է կատարել Կոմիտասի շիրիմին: Այնուհետև Գերմանիայի Համբուրգ քաղաքի «Գայանե» երգչախումբը և Մոսկվայի Հայորդաց տան «Օվսաննա» և «Նորահրաշ» երգչախմբերը հանդես են եկել կոմիտասյան ստեղծագործությունների կատարումներով: Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ «Կոմիտաս Վարդապետ» փառատոնի անցկացումը խորհրդանշական է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, քանի որ Կոմիտասը նաև ցեղասպանության խորհրդանիշ է: Երգահաններ Տիգրան Մանսուրյանը և Հովհաննես Չեքիջյանը ողջունել են աշխարհի տարբեր երկրներից մեծ երգահանին հարգանքի տուրք մատուցելու համար Հայաստան ժամանած երգչախմբերին և անհատ կատարողներին, միաժամանակ շնորհակալություն հայտնել ՀՀ Սփյուռքի նախարարությանը այս հայաշունչ նախաձեռնության համար: